ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ  անցած օրվա ընթացքում եղել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039: «Ունեցել ենք 14 բուժված և դուրս գրում: Ընդհանուր բուժվածների թիվը կազմում է 211: Ցավոք սրտի, ունեցել ենք ևս մեկ մահ, և մահացածների ընդհանուր թիվը դարձել է 14: Այս պահին փաստացի ակտիվ մեր հսկողության տակ գտնվող դեպքերի թիվը 814 է: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ և կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել. շաբաթ օրը 680 թեստ է արվել, իսկ կիրակի օրը՝ 467 թեստ: Փաստացի, ներկայումս 6 լաբորատորիայում իրականացվում են հետազոտությունները, և հավանաբար ևս մեկը կավելանա մոտակա մեկ շաբաթվա ընթացքում»,-ասել է նախարարը:

Կառավարությունն այնուհետև ընդունել է որոշում, որով նախատեսվում է  երկարաձգել 2020 թ. մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը  ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Ինպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նախկինում ընդունած որոշման մեջ նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ գլուխը, որը վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ կիրառված սահմանափակումներին: «Իրականում, եթե հետագայում մոնիթորինգը ցույց կտա, որ, այսպես կոչված, ֆեյքային նորությունները լայն ծավալում են ստանում, մենք կառավարության որոշմամբ կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները»,- ասել է նախարարը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը: «Արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում արգելանք չի կիրառվի ծառայության կողմից կայանատեղիների տեղական տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով,  ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով: Ժամանակահատվածի ավարտից հետո արգելանքները, բնականաբար, սովորական կարգով կիրառման ենթակա կլինեն»,- ասել է Ռուստամ Բադասյանը:

Հստակեցվել են նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը օգտագործելու վերաբերյալ կարգավորումները: Սահմանվել է, որ    գույքն oգտագործման հանձնելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու կարգի նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18 N 760-Ն որոշմամբ սահմանված դրույթները: Սահմանվել է նաև, որ գույքը կամավոր կերպով օգտագործման հանձնվելու դեպքում դրա դիմաց փոխհատուցումը կարող է տրամադրվել գույքի օգտագործման մասին որոշմամբ սահմանված կարգով, որի դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18 N 760-Ն որոշմամբ սահմանված` փոխհատուցման կարգի վերաբերյալ դրույթները:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ կարևոր է արձանագրել, որ զուտ համաճարակային թվերի առումով մենք, այս պահին անկառավարելի իրավիճակ չունենք: Պարետատան որոշմամբ, թույլատրելի տնտեսական գործունեության շրջանակն ընդլայնվել է, և դա արվել է մի քանի նկատառումներով՝ նախ տնտեսական կյանքը չկանգնեցնելու, և նաև սոցիալական որոշակի իրավիճակն էլ ավելի չբարդացնելու նպատակով: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կրկին կսկսեն աճել, եթե մեր քաղաքացիները հնարավոր ամենախիստ ձևով չպահպանեն համաճարակային անվտանգության կանոնները: Եթե այդ կանոնները ճշգրիտ պահվեն, վարակվելու հավանականությունն էականորեն կփոքրանա: Բայց մյուս կողմից, երբ մենք տնտեսական գործունեության դաշտն ընդլայնում ենք,  պետք է հասկանանք, որ դրանով նաև ռիսկեր ենք առաջացնում: Իհարկե, սահմանափակելն այլ կարգի ռիսկեր են առաջացնում, և մենք պետք է արտակարգ դրության ռեժիմը պահենք, որպեսզի պարետատունը իրավիճակին օպերատիվ արձագանքելու հնարավորություն ստանա»:

Վարչապետը, անդրադառնալով ԶԼՄ-երի նկատմամբ կիառվող սահմանափակումների վերացմանը, ընդգծել է, որ կիրականացվի մոնիթորինգ. «Եթե հանկարծ տեսնենք դրսևորումներ, որոնք ռիսկեր են առաջացնում, կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»:

  • Կիսվել: