ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը

Կառավարությունը հաստատեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց հակաճգնաժամային 10-րդ միջոցառումը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ այս միջոցառումից կարող ենք օգտվել հետևյալ շահառուները.

1.2019 թվականին ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

2.2019 թվականին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր (ինքնազբաղվածներ)

3.2020 թվականի հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թվականին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։ 2020-ի հունվարի 1-ից դիմել են որ ընդգրկվեն միկրոձեռնարկատերերի ցանկում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020թ-ի առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով (136 հազար դրամ):

Բացի այդ, միանվագ աջակցություն են ստանում  նվազագույն աշխատավարձի չափով այն անձինք, որոնք 2020թ-ի հունվարի 1-ից հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ այն անձինք, որոնք 2020-ի ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ ունեն ներկայացրած ՀԴՄ-ի ստացման հայտ, սակայն ապրիլի 1-ի դրությամբ ՊԵԿ շտեմարանում չունեն ակտիվացված նոր սերնդի ՀԴՄ:

Դավիթ Անանյանը հայտնեց, որ այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք, որոնք ունեն 2 և ավելի աշխատակից, քանի որ նրանք կարող են օգտվել հակաճգնաժամային 5-րդ միջոցառման շահառու:

Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝ որոնց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը, ովքեր 2020 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից և ովքեր հանդիսանում են այլ միջոցառման շահառու։

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Մեր հակաճգնաժամային այս միջոցառումներն ունեն օպերատիվ, ընթացիկ բնույթ, բայց մեր որոշումների մեջ կա մի կարևոր առանձնահատկություն: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումներն ունենան ռազմավարական կոմպոնենտ, որը կապ ունի մինչև այժմ մեր վարած քաղաքականության և ապագային միտված մեր քաղաքական պատկերացումների հետ»:

Վարչապետի խոսքով՝ միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը հսկիչ դրամարկղային կտրոնների միջոցով, ավելի շատ աջակցություն կստանան, իսկ  ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա: 

«Բոլոր 10 միջոցառումների մեջ, մենք հաշվի ենք առնում սոցիալական, տնտեսական և ռազմավարական կոմպոնենտը, որովհետև այս շրջանում սրանով մենք պետք է առավելագույնս խրախուսենք տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով և գործելակերպով: Եվ մեր բոլոր միջոցառումներում, ըստ էության, այսպիսի կոնտեքստ կա: Իհարկե, սոցիալական բաղադրիչում միշտ չէ, որ դա հաշվի է առնվում, որովհետև սոցիալականը մի քիչ ուրիշ տրամաբանություն ունի»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: