Կառավարությունը հաստատեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիրի» գործունեության պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրին:
Նշվում է, որ «Ուսումնա-սպորտային համալիրը» հիմնադրվել է«Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերություն հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից։
«Համաձայնագրի շրջանակում ՀՀ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան Հիմնարկը հայերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ:
Միաժամանակ, ՌԴ դաշնային պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերով Հիմնարկը ռուսերենով կիրականացնի կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթության կրթական ծրագրերով՝ հայերեն լեզվի պարտադիր դասավանդմամբ»,-ասված է հիմնավորման մեջ: