ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը կօգնի 500 միլիոն դրամ և ավելի ներդրում կատարողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում

Կառավարությունը կօգնի 500 միլիոն դրամ և ավելի ներդրում կատարողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, բայց, բնականաբար, դա միայն ոգեշնչում է ավելի ակտիվ զբաղվել ներդրումների խթանումով և ներդրումների օժանդակությամբ:

«Մենք անցյալ տարի թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրով, թե՛ Կառավարության ծրագրով հաստատել ենք «Ենթակառուցվածքները՝ ներդրումների դիմաց» միջոցառում իրականացնելը, որը խոսք էինք տվել մեր ժողովրդին: Եվ այսօր այս ծրագիրը, որ ներկայացնում ենք, ըստ էության, միտված է օգնել բոլոր ներդրողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում:

Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում և այլ ներդրումներ են անում, համարյա միշտ խնդիրներ են ունենում որոշակի ենթակառուցվածքների հետ կապված. կլինի դա ջրատար, գազատար, ճանապարհ թե որևէ այլ բան, և այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենն օգնելով իրենց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նա նշեց, որ Կառավարությունն առաջարկում է, որ եթե որևէ ներդրող մինչև 500 մլն դրամի չափով ներդրում անի, ապա Կառավարությունն այդ գումարի 20 տոկոսի չափով պատրաստ է տրամադրել այն ենթակառուցվացքը, որը նրան անհրաժեշտ է: Եթե դրանից ավելի գումարի ներդրում անի, ապա 500 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսի չափով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց հետևյալը. «Մենք, ըստ էության, գործընկերության մոդել ենք առաջարկում և խրախուսում ենք ներդրումը՝ կապելով կոնկրետ ներդրման չափի հետ»:

  • Կիսվել: