Կառավարությունը հաստատեց 80 մլրդ դրամի երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերից առաջինը
Կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության նախատեսած 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը: Հիմնավորման համաձայն, հաշվի առնելով ներկայումս աշխարհում առկա ընդհանուր իրադրությունը՝ մասնավորապես, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական իրավիճակը, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում սեփական մասնակցությամբ խթանել ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումնարի իրականացմանը:
Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո ՝ ներկա իրավիճակում մասնավոր կազմակերպությունների առկա և հնարավոր ռիսկերը կիսելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Կատարված ներդրումները մշտապես լինելու են ՀՀ կառավարության դիտարկման դաշտում, հիմք ընդունելով այն փաստը, որ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր կազմակերպություն, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։
Ըստ այդմ՝ առաջարկվում է դիտարկել մինչև 50 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ կատարելով փայի ձեռք բերումը տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչև 5 միլիարդ ՀՀ դրամ։ Իրականացվելիք ներդրումները նպաստելու են Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված հակաճգնաժամային ռազմավարության նպատակների իրականացմանը և տնտեսության զարգացմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է կնքել ներդրումային պայմանագիր ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Ֆոնդի կառավարչի միջև, որում կնախատեսվեն մի շարք պայմանները: Մասնավորապես՝ մեկ առևտրային կազմակերպությունում, ինչպես նաև փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին և առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ առաջարկը մանրամասն և բուռն քննարկվել է կառավարությունում ձևավորված հակաճգնաժամային աշխատանքային խմբի հանդիպումների շրջանակում, որի նպատակը Հայաստանում ներդրումները խթանելն է: