շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Փաշինյան

Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Փաշինյան

ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց գյուղատնտեսության ոլորտին աջակցող ծրագրերից մեկին, ըստ որի ֆինանսավորվում են նաև մոդուլային և շարժական սպանդանոցները:

«Մենք այս ժամանակահատվածում Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ շարունակական մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի հանրապետության տարածքում առկա սպանդանոցները: Ծառայությունների հասանելիությունը մշտապես եղել է մեզ համար ամենակարևոր գործոնը: Մենք որոշակի ժամանակահատվածում, ելնելով այդ դինամիկայից, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն այդ սպանդանոցները, որ յուրաքանչյուր շահառու  համայնքից դրա հեռավորությունը լինի տրամաբանության մեջ: Որպես այդպիսի չափորոշիչ մենք ընտրել էինք մոտ 30 կմ հեռավորությունը»,- ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Առաջարկն այն վայրերին է վերաբերում, որտեղ դեռևս հասանելի չեն սպանդանոցները: Եթե տվյալ համայնքում սպանդանոց շահագործող մեկը չկա, կամ եթե այդ մարզում դեռևս չկա այդպիսի ցանկություն հայտնող, ապա սահմանակից մարզում մեկը որոշում է սպանդանոց կառուցել այդ համայնքներից որևէ մեկում՝ լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսային կետը, բայց ոչ ավելի, քան 4 միլիոն 800 հազար դրամ՝ դրամաշնորհ է հատկացվում:

Նախապատվության իրավունք կունենա տվյալ մարզի հարակից համայնքներում սպանդանոց շահագործելու իրավունք ստացած անձը: Կպահանջվեն ևս 14 կետեր, որտեղ սպանդանոցների առկայությունից հետո կկարողանան ասել՝ բոլոր համայնքներից ոչ ավելի, քան 30 կմ հասանելիությամբ կան ծառայություն մատուցող սպանդանոցներ: Խաչատրյանն ընդգծեց, որ Սյունիքում այդպիսի կետերը երեքն են, և թվարկեց այն վայրերը, որտեղ տեղակայվող սպանդանոցները կստանան պետական ֆինանսական աջակցություն: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ներկայում համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ:

«Ուստի մենք ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: