ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կառավարությունը բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ

Կառավարությունը բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ

Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ։

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

 

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Ես ցանկանում եմ շեշտել այս ծրագիրը, քանի որ բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրի առնչությամբ։ Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում, իսկ Երևանում 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ աջակցություն է տրամադրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, և ընտանիքում երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 միլիոն դրամի դրամական աջակցություն է տրամադրում»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3 250 շահառու ընտանիք ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունը այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։

«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2 500 շահառու ընտանիք։ Դա մոտ այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված։ Եվ 2022 թվականին ծրագրից արդեն օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարները կվճարվեն»,- ասաց Մկրտչյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: