հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան

Կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում մեր կոնյակագործների համար. Պապոյան

Հայաստանի կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար: 

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին: 

«ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ապահովեն խաղողի անխափան մթերումները: Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման կազմակերպումը»,–ասաց Պապոյանը: 

Անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան կոնյակի և ալկոհոլային այլ խմիչքների արտահանման գործընթացում վրացական կողմի հարուցած խոչընդոտներին՝ նախարարը հայտնեց, որ այդ հարցով շուտով հանդիպելու է կոնյակագործների հետ: Մեկ անգամ հրապարակային հանդիպում ևս ունեցել է նրանց հետ: 

Նրա խոսքով՝ վրացական կողմի հետ որոշակի քննարկման արդյունքների ամփոփում ունեն: Կհանդիպեն, այդ հարցերը կքննարկեն նաև կոնյակագործների հետ: 

«Կառավարությունը մեր խաղողագործներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին, մեր կոնյակի սպիրտ արտադրողներին և պատրաստի կոնյակ արտահանողներին մենակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք»,–վստահեցրեց Պապոյանը:

Կոնյակ արտադրողներն ու բեռնափոխադրողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ այդ թվում Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջ: Նրանք բարձրաձայնում են Վրաստանի տարածքով Ռուսաստան կոնյակի արտահանման գործընթացում անցակետում առաջացող խոչընդոտները: Ըստ նրանց՝ վրացական կողմում լաբորատոր ստուգում են իրականացնում, բեռնատարները շաբաթներով կանգնեցնում են: 

Հիշեցնենք, որ ալկոհոլային խմիչքները ՀՀ-ից արտահանող տնտեսվարողները նախորդ շաբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով պարզաբանել, թե ԵԱՏՄ արտահանվող ալկոհոլային խմիչքներն ինչու են նմուշառման համար շաբաթներով պահվում տարանցիկ երկրում՝ Վրաստանում, այն դեպքում, երբ այդ խմիչքները Վրաստանում չեն վաճառվելու:

  • Կիսվել: