ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունն  օպերատիվ ձեւով տնտեսության զարկերակը զգալու խնդիր ունի. վարչապետ

Կառավարությունն օպերատիվ ձեւով տնտեսության զարկերակը զգալու խնդիր ունի. վարչապետ

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրին, որն այսօր հաստատվեց կառավարության նիստում, ասաց, որ երկար ժամանակ ՀՀ քաղաքացիներն իրենց խնայողությունները ներդնելու միայն մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում, եւ բիզնեսն իր հերթին ֆինանսավորման միայն մեկ տեղ ունի՝ բանկային համակարգը: 

Նա նշեց, որ մենք պետք է հաջորդ փուլ մտնենք, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, անել ներդրումներ: Սա, նրա խոսքով, այդ ընկերությունների համար հնարավորություն է նոր ֆիանսական միջոցներ ներգրավելու:

Ըստ վարչապետի՝ դրա համար նախ պետք է լինեն այն ընկերությունները, որոնք կառաջարկեն իրենց բաժնետոմսերը, իսկ դրա համար պետք է աշխատեն թափանցիկ, ներդրողի համար պետք է պարզ լինի, թե այդ ընկերությունն ինչ բյուջե ունի, ինչպես է աշխատում եւ այլն:

Փաշինյանն ասաց, որ հույս ունեն, որ կառավարությունը հավելյալ հնարավորություններ կստանա նպաստելու կապիտալ շուկայի զարգացմանը, եւ մեր երկրում ի վերջո ֆոնդային բորսան կդառնան ամենաաշխույժ տնտեսական տեղերից մեկը: 

Նա նշեց. ՛՛Եկեք խոստովանենք՝ ինչքան էլ դժվար է դա անելը, որ կառավարությունն ինքը օպերատիվ ձեւով տնտեսության զարկերակը զգալու խնդիր ունի, որովհետեւ մինչեւ վիճակագրությունները ամփոփվում են, արդեն մեկ ամիս անցնում է, եւ այն վստահելի տեղեկությունը, որ մեր սեղանին հայտնվում է, ըստ էության, ուշացած տեղեկություն է՛՛:

Վարչապետն ասաց նաեւ, որ եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է: 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց. ՛՛Այսօրվա բիզնես միջավայրը այնպես չէ, որ գան, տեղում մեծ հետազոտություն անեն, գումար ծախսեն, բոլորը ցանկություն ունեն ներդրում անել, բայց ուզում են գործիքը տեսնել արդի ձեւով՛՛:

  • Կիսվել: