երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում

Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է օրինագծում առաջարկվող փոփոխությունները նշելով, որ Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում կարող են ներել որոշ պարտապանների օրինակ՝ զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց պարտավորությունները:

Մինչդեռ, հնարավոր են դեպքեր, երբ պարտատերերը ներում են պարտապանների այն պարտավորությունները, որոնց վերաբերյալ արդեն հարուցվել են կատարողական վարույթներ, գանձվել կատարողական գործողությունների կատարման ծախսեր:

Առկա կարգավորմամբ պարտատերը, այդ թվում՝ բանկը և վարկային կազմակերպությունը, ռազմական դրության իրավական ռեժիմով և մարտական գործողություններով պայմանավորված, եթե ներում է պարտապանի պարտավորությունը, ապա ցանկացած դեպքում պարտավոր է վճարել կատարողական ծախսերը:

Ուստի, հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ անձանց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական ծախսեր չգանձել:

Պատգամավորներն իրենց խոսքում կարևորել են օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ ներկայացնելով առաջարկներ անձանց շրջանակն ընդլայնելու վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրինագիծը քննարկել  24 ժամվա ռեժիմով:

Օրենքի նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

  • Կիսվել: