ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով

Կառավարությունն առաջարկում է բեռնվածքի մինչև մեկ և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցելու դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամի չափով

 Կառավարությունը առաջարկում է մեկ սռնու վրա ընկնող բեռնատար մեքենայի բեռնվածքի թույլատրելի շեմը մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա գերազանցման դեպքում տուգանք սահմանել 200 հազար դրամ։

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։

«Նախագծով առաջարկվում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի (կարգադրագիր, ցուցում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար սահմանել պատասխանատվության միջոց։

Հիմնական փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող կարգավորումներով մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի թույլատրելի շեմը գերազանցելու դեպքում բեռնափոխադրումներ իրականացնողները տուգանվում էին 200 հազար դրամով։ Նախագծով առաջարկում ենք մինչև մեկ տոննա և ավել յուրաքանչյուր տոննա բեռնվածքը գերազանցելու դեպքում պատասխանատվության միջոց սահմանել 200 հազար դրամի չափով»,- ասաց Դանիելյանը։

Ներկայացնելով վիճակագրությունը, գործադիր մարմնի ներկայացուցիչը պատգամավորների ուշադրությանը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հիմնական իրավախախտումները իրականացվում են 1 տոննայից ավել գերազանցելու դեպքերում, եղել են նույնիսկ մինչև 30-35 տոննա թույլատրելի շեմի գերազանցում։
 

«Այս պարագայում պրոգրեսիայի կիրառումը ավելի քան անհրաժեշտ է և միանշանակ զսպող կլինի»,- ասաց Դանիելյանը։

  • Կիսվել: