հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանրապետության գինեգործներին

Կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանրապետության գինեգործներին

Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանրապետության գինեգործներին։ Այս մասին երկրի գինեգործների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

Նախարարը հետաքրքրվել է արտադրողներից Կորոնավիրուսի պայմաններում վերջիններիս գործունեության առանձահատկությունների և համավարակի արդյունքում ստեղծված խնդիրներից: Ոլորտի ներկայացուցիչների մի մասն արձանագրել է, որ հաջողությամբ օգտվել է հակաճգնաժամային օժանդակության ծրագրերից: Արտադրողները նշել են, որ դժվարություններ կան վաճառքների ծավալի մասով:

Բարձրացվել է արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների ներկրման խնդիրը. Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է, որ սեղմ ժամկետներում սահմանված կարգով կառավարությունը մաքսատուրքից կազատի անհրաժեշտ սարքավորումները: Նախարարը ոլորտի խոշոր արտադրողների հետ քննարկել է առաջիկայում մթերման շրջանի հետ կապված աշխատանքների մանրամասները և հնարավոր լուծումները։

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն՝ վկայակոչելով Վիճակագրական կոմիտի տվյալները, հայտնել էր, որ  2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի ալկոհոլային ոլորտը կրճատել է արտադրության ծավալները՝ թողարկվող արտադրանքի բոլոր տեսակներով։  Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 7.8 մլն լիտր կոնյակ, ինչը 6.3% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31.2% աճի փոխարեն): Հայաստանում արտադրված գինու ծավալը նվազել է 17,4% - ով (3,4% աճի փոխարեն)՝կազմելով 1.9 մլն լիտր, շամպայնինը՝ 5,9% - ով (9,9% աճի դեմ)՝ մինչև 104.3 հազ. լիտր:Կրճատվել է նաեւ օղու արտադրությունը՝ 13,9 տոկոսով, մինչեւ 732,3 հազար լիտր, եւ գարեջրի արտադրությունը՝ 12 տոկոսով ՝ մինչեւ 3.3 մլն լիտր (այն դեպքում, երբ մեկ տարի առաջ գրանցվել էր համապատասխանաբար 7,1 եւ 26 տոկոս աճ)։ Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 83.3 հազար լիտր վիսկի, ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից պակաս է 38.3% - ով: Անցած տարի վիսկիի արտադրության ծավալները կրճատվել են 15,4 տոկոսով։

  • Կիսվել: