ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կառավարության հակաճգնաժամային 17-րդ ծրագրով աջակցությունը կտրամադրվի դրամաշնորհի ձևով

Կառավարության հակաճգնաժամային 17-րդ ծրագրով աջակցությունը կտրամադրվի դրամաշնորհի ձևով

Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասաց, որ մինչև 30 մլն դրամի շրջանակներում 100%-ով կհամաֆինասավորվեն այն տեխնոլոգիական ընկերությունները, որոնք կներգրավեն վենչուրային ընկերություններ, կամ «հրեշտակներ»։

«ՏՏ ոլորտում երկու տեսակի ներդրողներ կան՝ վենչուրային ընկերություններ և ներդրող «հրեշտակներ»։ Միջազգային պրակտիկայում ընդունված է «հրեշտակ» անվանել այն ձեռներեցներին, որոնք այս կամ այն նորարարական ընկերությունում ցանկանում են ներդրում անել և փայաբաժին ունենալ»,- ասաց նախարարը։ 

Այսպիսով, միջոցառման շահառու հանդիսանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝ համապատասխանում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում նշված չափանիշներին, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ, հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ԲՏԱ նախարարության կողմից։

Աջակցությունը տրամադրվում է դրամաշնորհի ձևով` շահառու հանդիսացող և մրցույթի արդյունքներով հաղթող տնտեսավարողներին: Հայտերի գնահատումն իրականացնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով հաստատվող անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովները, որոնք կազմված են ոլորտի ասոցիացիաներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից։ Հայտերի գնահատումն իրականացվում է նախարարության հրապարակած մրցույթի հրավերով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովների կողմից նախօրոք մշակված չափորոշիչների և գնահատման սանդղակների:

Հաշվի են առնվելու ներկայացված ծրագրի նորարարությունը, համապատասխանությունը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններին, իրագործելիությունը, ֆինանսական համապատասխանելիությունը, արտադրանքի իրացվելիությունը միջազգային շուկայում, տնտեսավարողի մասնագիտական ներուժը և այլ անհրաժեշտ չափորոշիչներ։

  • Կիսվել: