ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Կան նախաձեռնված մի քանի տասնյակից ավելի վարույթներ, և առնվազն 10-ից ավելի վարույթների դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. ՏԿԵ նախարար

Կան նախաձեռնված մի քանի տասնյակից ավելի վարույթներ, և առնվազն 10-ից ավելի վարույթների դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է. ՏԿԵ նախարար

Սա չի վերաբերում միայն ՀԷՑ-ին, սա վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգում շոշափելի ազդեցություն ունեցող ցանկացած կազմակերպության, արտադրողի պարագայում՝ մինչև 30 մեգավատտ և ավելի հզորության, օպերատորի պարագայում՝ արդեն հասկանալի է: Մենք լրացուցիչ գործիք ենք տալիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին՝ գնահատելու վարույթի մեկնարկին ռիսկը, որովհետև խոսքը մեծ թվով սպառողների մասին է, երկրորդ՝ խոսքը կրիտիկական նշանակության ենթակառուցվածքի մասին է: Այս մասին խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Ուզում եմ խիստ ընդգծել, որ սա չի վերաբերում միայն ՀԷՑ-ին: Սա վերաբերում է այն տնտեսվարողներին, ում ազդեցությունը մեր էներգահամակարգում կարող է որոշիչ լինել: Եվ այս տրամաբանությամբ ես մտահոգվելու առիթ չեմ տեսնում, թե ինչու ենք մենք լրացուցիչ գործիք տալիս հանձնաժողովին»,- պարզաբանեց ՏԿԵ նախարարը:

Նա հիշեցրեց՝ կան նախաձեռնված մի քանի տասնյակից ավելի վարույթներ, և այդ ամբողջ վարույթների, առնվազն 10-ից ավելի վարույթների դեպքում ՀԷՑ-ի մեղավորությունը փաստարկված է, և կա համապատասխան արձանագրություն:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ճշտող հարցին, թե խոսքը էներգետիկ համակարգի ինչ այլ ձեռնարկությունների մասին է, նախարարը ևս մեկ անգամ պարզաբանեց՝ 30 մեգավատտ և ավելի հզորության բոլոր ձեռնարկությունները համարվում են կրիտիկական նշանակության ենթակառուցվածք մեր էներգետիկ համակարգի համար, և նշված կարգավորումը հանձնաժողովին հնարավորություն է տալիս նաև քննարկել իրենց մասով որոշակի գործողություններ իրականացնելը:

  • Կիսվել: