Կախովի առաստաղներ, շրիշակներ արտադրող «Էկոպրոֆ» ՍՊԸ-ն ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 13,5 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԿՈՊՐՈՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային հիմքով շինարարական նյութերի, մասնավորապես՝ կախովի առաստաղների, շրիշակների, պատուհանագոգերի, դեկորատիվ անկյունակների, դռան շրջակալների, ոռոգման խողովակների և կցամասերի, դեկորատիվ պատերի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2006թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 13․5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման համար։
Ներկայումս առկա է 318 աշխատատեղ 201 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 380-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 11․1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 700 մլն դրամ։