ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ջարդեցին երկու ատամս ու պռոշս. Տեղ համայնքի ավագանու անդամը պնդում է՝ իրեն ծեծի են ենթարկել

Ջարդեցին երկու ատամս ու պռոշս. Տեղ համայնքի ավագանու անդամը պնդում է՝ իրեն ծեծի են ենթարկել

«Արդյունքում ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ»․ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը, գրում է «Ազատությունը»։

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։

«Ես հարց բարձրացրեցի, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա, որ մարդ ես էլի, իմանաս քո էրեխին պահես, ինչ անես», ու մեկ էլ լսում եմ գոռգռոցներ, իրար քաշքշում ենք՝ համյանքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ «ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք, ծեծողներին էլ հետը, դուք եք իրանց տեղը, ծեծեողները մեղք չունեն, դուք եք իրենց հրահանգել», - ասաց Զեյնալյանը։

Թե քանի հոգով են իրեն ծեծի ենթարկել, ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի, ասում է՝ «էդ պահին չի նստել, մարդ հաշվել»։

Հարցին՝ ծեծողները երիտասարդնե՞ր էին, Զեյնալյանը պատասխանեց․ - «Այո՛, հանցավոր աշխարհազորից»։

Մասիս Զեյանլյանը հարց է տալիս՝ եթե աշխարհազորի անդամներն իրեն մշակույթի տանը ծեծում ու ատամները կոտրում են, բա սահմանին ի՞նչ կանեն, պնդում է՝ չի վստահում նրանց։

«Ես ունեմ 9 շունչ, անցած տարի գնացել եմ Ռուսաստան, որ իմ տունը պահեմ։ Ես ի վիճակի չեմ գնամ պոստ պահեմ։ Ես պիտի աշխատեմ, որ իմ 9 շունչը՝ մեկ ուսանող, մեկ զինվոր պահեմ։ Ես ուղղակի զարմանում եմ՝ 44-օրյա պատերազմի մասնակից, մի քանի օր առաջվա էսկալացիայի մասնակից, զինվորի ծնող, բա դուք մշակույթի տանն ինձ էս վիճակն եք գցում, բա առաջնագծում ինչ կգցեք», - ասաց ավագանու անդամը։

Մասիս Զեյնալյանը տեղեկացրեց, որ աշխարհազորի անդամների կողմից իրեն ծեծի ենթարկելու փաստով դիմել է Պաշտպանության նախարարությանը, Կառավարությանը և Սյունիքի մարզպետարանին։ Նրա համոզմամբ, իր ծեծը նախապես պլանավորված է եղել, քանի որ ինքը հաճախ է հարցազրույցներ տալիս և պատմում Տեղում ստեղծված իրավճակը։

Նկատենք՝ Մասիս Զեյնալյանն առաջիններից էր, որ բարձրաձայնել էր, թե ինչպես են մարտի 30-ին ադրբեջանցի զինծառայողները Տեղ համայնքում զավթել իրեն պատկանող երկու հեկտար ցորենի դաշտը ու տեղը խրամատ փորել։

«Որ էդքան ճշմարտությունը բարձրաձայնում եմ, նշանակետում ես էի։ Սաղ էդ ա», - ասաց Զեյնալյանը։ 

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը մինչդեռ հակադարձում է՝ տեղյակ չէ ծեծկռտուքից, մշակույթի տան միջոցառմանն էլ չի մասնակցել։

«Ո՛չ, ես ծեծ չեմ տեսել, ես ոչ մի բանից տեղյակ չեմ», - ասաց Ղուլունցը։

Հարցին, որ եթե ծեծ չի տեսել, բա երկու ատամն ո՞վ է ջարդել, Տեղ համայնքի ղեկավարը պատասխանեց․ - «Ես հինգ անգամ քեզ ասում եմ՝ «տեղյակ չեմ», դու նորից ասում ես՝ «երկու ատամ ա»։ Երկու ատամ ա կամ մի ատամ ա, եթե ես ասում եմ, որ տեղյակ չեմ, հայերե՞ն չեմ ասում, ռուսերեն ասեմ, որ հասկանա՞ք, կոպիտ ասած»։

  • Կիսվել: