ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի համայնքային փոքր տների կառուցման համար. հուշագիր է ստորագրվել

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի համայնքային փոքր տների կառուցման համար. հուշագիր է ստորագրվել

Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 տարեկանից բարձր անձանց համար համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով․ նախագծի իրականացման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Նախարարությունից  հայտնում են, որ ծրագրի իրականացումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ու վերջիններիս մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ կանխարգելմանը։ 

Ըստ այդմ, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ֆինանսավորում տրամադրել 10 համայնքային փոքր տների պատշաճ գործունեության ապահովման, մեկ համայնքային փոքր տան վերակառուցման, կահավորման և անհրաժեշտ սարքավորումներով հագեցման համար։ Նախարարությունը պարտավորվել է նաև հինգ շենք տրամադրել՝ համայնքային փոքր տների վերածելու նպատակով նախատեսված վերակառուցման աշխատանքների իրականացման համար։   

Համագործակցության շրջանակում Իզմիրլյան բարեգործական հիմնադրամն, իր հերթին, նաև կդիտարկի և կապահովի նախարարության կողմից առաջարկվելիք վերակառուցման աշխատանքների ու կահավորման նախագծերը, տրամադրվելիք սարքավորումների ցանկը և այլն։ 

  • Կիսվել: