հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանից ցեմենտի ներմուծման սահմանափակումները կերկարացնեն

Իրանից ցեմենտի ներմուծման սահմանափակումները կերկարացնեն

Իրանից և մի շարք այլ երկրներից ներկրվող ցեմենտի գներն անբնական ցածր մակարդակի վրա են։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Հանձնաժողովի նիստում ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշվեց որ առաջարկվում է երկարացնել մի շարք այլ երկրներից ցեմենտի ներմուծման «սահմանափակումները»։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախորդ տարի հաստատել էր Իրանից և մի շարք այլ երկրներից ցեմենտի ներկրման տուրքը, որը կազմում էր մեկ տոննայի դիմաց 14 հազար դրամ: Այս սահմանափակումը պետք է հանվեր արդեն ապրիլին, սակայն, ինչպես նշեց Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Կառավարությունն առաջարկում է այն երկարացնել ևս 3 ամսով։

Հիմնական զեկուցող, էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ ասաց, որ վերջին 2 տարում իրանական ռիալը մեծ չափով արժեզրկվել է Իրանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով, այս երկրի տնտեսական մոդելը ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը հանգեցրել է էներգակիրների արժեքի անկման:

«Այս ամենը հանգեցրել է նրան, որ ցեմենտի շուկայում կարող է առաջանալ արտադրողների համար հավասար մրցակցային հնարավորությունների ապահովման սպառնալիք, ուստի Կառավարությունը որոշել է տեղական արտադրողներին աջակցելու նպատակով երկարացնել իրանական ցեմենտի ներմուծման հարկման գործողության ժամկետը»,- նշեց փոխնախարարը։

Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ հայրենական արտադրողներին պետք է պաշտպանել բայց ոչ ամեն գնով. «Ամեն ինչն իր գինը ունի: Եթե մենք էդպես ամեն գնով հայրենական արտադրողին պաշտպանենք, կարող է՝ տնտեսությունը փլուզվի։ Մենք տեղական արտադրողներին հենց էնպես չպետք է պաշտպանենք, մի տարին լրանալու ժամանակ պետք է ասենք՝ եղբայր, լավ, մենք քեզ պաշտպանեցինք, իսկ դու ինչ արեցիր, որ քո մրցունակությունն ավելանա»։

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը։ Ավագ Ավանեսյանը նշեց՝ անհրաժեշտության դեպքում հուլիսին նոր նախագծով կներկայանան:

  • Կիսվել: