երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան

Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան

Հայաստանը ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ ապահովելու անհրաժեշտ պայմաններ եւ խրախուսելու Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք լոգիստիկ առանցքային ուղղությունների զարգացումը։ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ լոգիստիկան եւս մեկ ոլորտ է, որը զգալի ազդեցություն է ունենում վերջնական սպառողների համար գների ձեւավորման վրա եւ պահանջում է նաեւ թվային լուծումներ։ «Այդ լուծումներից մեկը դարձել է նավիգացիոն կապարակնիքների օգտագործումը, ինչը ոչ միայն թույլ է տալիս օպտիմալացնել լոգիստիկան, ապահովել փոխադրումների բացարձակ թափանցիկությունն ու անխափան աշխատանքը, այլեւ պարզեցնում եւ արագացնում է ապրանքների առաքումը ստացողին։ Չնայած ձեռնարկված քայլերին, մենք բախվում ենք որոշակի դժվարությունների։ Ցանկանում եմ ընդգծել ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխգործակցության կարեւորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման եւ արդիականացման հարցերում։ Եվրասիական տրանսպորտային տարածքի հարցերի, առաջնահերթ ինտեգրացիոն, ենթակառուցվածքային նախագծերի ձեւավորման եւ իրականացման, ինչպես նաեւ այդ նախագծերի ֆինանսավորման կոնկրետ մեխանիզմների մշակման համատեքստում, այդ թվում՝ այնպիսի ֆինանսական ինստիտուտների ներուժի օգտագործման միջոցով, ինչպիսին է ԵԶԲ-ն, Հայաստանը ձեռնարկում է բոլոր ջանքերը՝ Հյուսիս-Հարավ, Արեւելք-Արեւմուտք ռազմավարական ուղղությունների զարգացման խրախուսման համար անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ։

Զուգահեռաբար ԵԱՏՄ-ն շարունակում է ակտիվ գործել միջազգային ասպարեզում։ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ խթան կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման համար»,-ասել է նա։ 

  • Կիսվել: