ուրբաթ, ապրիլ 11
11 / 4 / 2025
Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Իրականացվել է առաջին վճարումը անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում

Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։ Պետական բյուջեից մարտ ամսվա համար ֆինանսավորվել է 70,6 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
 
Ծրագրի շրջանակում այս պահին համակարգում առկա է 3200 հաստատված դիմում։ Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է (դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում)։
 
Հիշեցնենք, որ Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
 
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
 
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
 
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)։

  • Կիսվել: