երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի». Հայկ Սարգսյան

«Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի». Հայկ Սարգսյան

Ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որպեսզի նախագիծը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու՞ նրա կողմից ներկայացված նախագիծը չի ներառվել այսօրվա նիստի օրակարգում։

«Իմ կողմից ներկայացված նախագիծը՝ այն է բուքմեյքերական ընկերությունների համար սահմանել ևս 10 տոկոս շրջանառության հարկ, բացի այն հարկերից և տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն, քննարկվել է կառավարությունում՝ նախարարների կոմիտեի նիստում, և տրվել է դրական եզրակացություն։ Կառավարության նիստում ևս դրական եզրակացություն և հավանություն է տրվել նախագծին, այնուհետև նախագիծը եկել է ԱԺ։ Աժ–ում ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  քննարկվեց և տրվեց դրական եզրակացություն, սակայն ինձ վարչապետի աշխատակզամից դիմել են, որ հարցը ևս մեկ անգամ քննարկվի՝ վարչապետի գլխավորությամբ»,–ասաց Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ դա էր պատճառը, որ նախագիծը չի ներառվել այսօրվա նիստի օրակարգում։

Նա նշեց, որ նախագիծը քառօրյայի օրակարգում չներառելը եղել է իր նախաձեռնությունը, որպեսզի այն ևս մեկ անգամ քննարկվի վարչապետի մասնակցությամբ, երբ վերջինս կվերադառնա Ֆրանսիայից։ Հայկ Սարգսյանը չընդունեց լրագրողների դիտարկումը, թե կառավարությունը փորձում է խոչընդոտել նախագծի ընդունմանը։

  • Կիսվել: