կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ինչո՞վ է պայմանավորված, որ ԲԿ-ներում աշխատավարձերն ուշացվում են, լինում են դեպքեր՝ ամիսներով չեն վճարվում․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին

Ինչո՞վ է պայմանավորված, որ ԲԿ-ներում աշխատավարձերն ուշացվում են, լինում են դեպքեր՝ ամիսներով չեն վճարվում․ պատգամավորը՝ Անահիտ Ավանեսյանին

Ինչո՞վ է պայմանավորված, որ բժշկական կենտրոններում աշխատակիցների աշխատավարձերը երբեմն ուշացվում են: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Հաճախ են դիմում նման հարցով, նույնիսկ լինում են դեպքեր, երբ երկար ամիսներ չեն վճարվում», - նշեց Հակոբյանը։

Հարցին ի պատասխան նախարար Ավանեսյանն ընդգծեց, որ ցանկացած կազմակերպություն պարտավոր է իր անձնակազմի աշխատավարձը ճիշտ ժամկետներում ամբողջովին վճարել, և աշխատակիցներն էլ պետք է իրենց աշխտանքային իրավունքները պաշտպանեն։

«Եթե կոնկրետ դեպք գիտեք, խնդրում եմ նշեք, կհասկանանք՝ ինչն է խնդիրը։ ԲԿ-ն իր ծախսերն ու եկամուտներն այնպես պետք է պլանավորի ու նախահաշիվները կազմի, որ աշխատավարձի որևէ ուշացում չլինի։ Ես շեշտեմ, որ պետպատվերի շրջանակներում ԲԿ-ները ֆինանսավորվում են րոպե առ րոպե՝ առանց որևէ ուշացման», - նշեց նախարարը։

Այս դիտարկմանն ի պատասխան պատգամավորը խնդրեց ուսումնասիրություն անցկացնել Ապարանի ԲԿ-ում՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ բոլոր աշխատակիցների աշխատավարձերն ուշացվում են և մարդիկ 3, 4 և նույնիսկ մինչև 6 ամիս աշխատավարձ չեն ստանում։

«Ես նշեցի ինձ մոտ, անպայման կզբաղվենք», - արձագանքեց Ավանեսյանը։

  • Կիսվել: