շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ինչ ներդրումներ են «սպառնում» հուշարձաններին և ովքեր են կանգնած դրանց հետևում

Ինչ ներդրումներ են «սպառնում» հուշարձաններին և ովքեր են կանգնած դրանց հետևում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 21-ին «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ) պետական հիմնադրամի հետ խորհրդակցություն էր անցկացրել՝ կենտրոնի կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ։ Դրանց մի մասը խնդրահարույց էր, ու առաջացած խնդիրները քննարկվել էին խորհրդակցության ժամանակ։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՆԱԿ-ի կողմից ուղղորդվող այս ներդրումային ծրագրերն ու դրանք իրականացնողներին։

Ներդրումներ՝ պատմական Արտաշատի տարածքում

Հուլիսի 24-ին քառակողմ համաձայնագիր է կնքվել «Այէթնոս» ընկերության, ՆԱԿ-ի, Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության, Գիտությունների ազգային  ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում հնագիտական պեղումներ իրականացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում է այդ վայրում իրականացնել պեղումներ, ինչպես նաև ամրացնել և վերականգնել դրանց արդյունքում բացված կառույցները, կազմակերպել գտածոների մաքրում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։ ԿԳՄՍՆ հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ մասնավոր ընկերությունը ցանկանում է միայն ֆինանսավորել ու քաջալերել Արտաշատ մայրաքաղաքի տարածքում պեղումներն ու գիտական գործունեությունը։ 

«Այէթնոսը», սակայն, այս տարածքում, որը համարվում է Լուսառատ համայնքի վարչական տարածք, նախատեսում է 21 հեկտար մակերեսով տարածքի վրա կառուցել գինու գործարան, ռեստորան ու հյուրանոց։ Այս համալիրն ունենալու է նաև պատկերասրահ, բեմահարթակ, լողավազան, խաղողի այգիներ, կոնֆերանս դահլիճ, բեմ, բացօթյա ռեստորան և այլն։ Ներդրումային ծրագրում ներկայացվել է համալիրի էսքիզը։ Ֆինանսավորման աղբյուրների մասին ծրագրում տվյալներ առկա չեն, սակայն ՆԱԿ-ը հայտնում է՝ նախատեսվում է 14 միլիոն դոլարի ներդրում։ 

ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի բաժնի վարիչ, Արտաշատում պեղումների համակարգող Մկրտիչ Զարդարյանը կտրականապես դեմ է ներդրումային ծրագրին։ Նրա խոսքով՝ տարբեր տարիների մոտ 700 հեկտար մակերեսով հնավայրից օտարվել են մի շարք հողակտորներ։ «6 հեկտար մի անգամ, 60 հեկտար մի այլ անգամ դուրս են բերվել պահպանության ցանկից։ Երբ այդ տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվում, նշանակում է, որ ամեն ինչ հիմնովին ավերվելու է, վնասվելու է ամեն ինչ, ինչ գտնվում է ընդերքում»,- պատմում է հնագետը։

Արտաշատ քաղաքավայրում հատուկ սկանավորման սարքերով իրականացված ուսումնասիրության ընթացքում գյուղատնտեսական նշանակության հողերի ընդերքում հայտնաբերվել են հնագիտական օբյեկտներ, որոնք ենթակա են ուսումնասիրության։ Զարդարյանը վստահեցնում է՝ այս տարածքում կառուցապատման գործունեությունը չափազանց վտանգավոր նախադեպ է դառնալու։

«Տարբերություն կա՝ երբ այդ հողերը գյուղատնտեսական նպատակներով են օգտագործվում, և տարբերություն կա՝ երբ կառուցապատման համար են օգտագործվում։ Դա հուշարձանի տարածք է, դա հին քաղաքի լանդշաֆտի մի հատված է, որի աղավաղումը փաստացի կորուստ է»,- նշում է Զարդարյանը՝ հավելելով, որ գիտությունը, հնագիտության գործիքակազմն ու տեխնիկական հնարավորություններն անընդհատ զարգանում են, ու հավանական է, որ քաղաքավայրի տարածքում անընդհատ նոր կառույցներ կամ իրեր հայտնաբերվեն։ 

Հին Արտաշատի պահպանման հարցում Զարդարյանը ներդրողից պահանջներ չունի, նրա խոսքով՝ իր պահանջները կառավարությունից են, որը «չի ցանկանում խնդիրները շտկել ու գործընթացը տանում է փակուղի»։ 

Ներդրում կատարող «Այէթնոս» ընկերությունը հիմնվել է 2018 թվականին։ Միակ բաժնետերը ՌԴ քաղաքացի Գրիգորի Մարտիրոսյանն է։ Ռուսաստանում Մարտիրոսյանը մի քանի այլ ընկերությունների բաժնետեր է։ Բացի «Այէթնոսը», նա նաև 60 տոկոս բաժնեմաս ունի «Ռայս ափ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է կոշիկի արտադրությամբ։ Ընկերության բաժնեմասերի մյուս 40-ը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի աղջկան՝ Լուսինե Ալեքսանյանին։ «Այէթնոսն» ու «Ռայս ափը» իրավաբանական անձանց գրանցամատյանում գրանցվել են նույն օրը՝ 2018 թ. դեկտեմբերի 25-ին։ 

Վիճելի կառուցապատում վիճելի տարածքում

Քննարկված ծրագրերից մյուսը «Գրին փրոփերթի դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումն է Երևանի Ազատության պողոտա 26/1 հասցեում։ Ըստ ծրագրի՝ համալիրը բաղկացած է լինելու հասարակական, բնակելի ու հյուրանոցային հատվածից, իսկ ընդհանուր կառուցապատման մակերեսը 20 հազար քառակուսի մետր ստորգետնյա ու վերգետնյա տարածք է ընդգրկելու, ունենալու է  120-150 մեքենաների կայանման համար նախատեսված տարածք։ Ծրագրի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 10 միլիոն դոլար։ Ֆինանսավորման աղբյուրներն են Հայաստանում գործող «Առաջին հիփոթեքային ընկերությունը»՝ 5 միլիոն դոլարի չափով, ամերիկյան «Գլոբալ քեփիթալ» հիմնադրամը՝ 3 միլիոն դոլարի չափով, և հայաստանյան այլ բանկերից ու վաճառված տարածքներից գոյացած գումարը՝ 2 միլիոն դոլարի չափով։ Ծրագրի շրջանակում «Գրին փրոփերթի դիվելոփմենթը» ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի հետ շենքի կառուցման համար նաև պայմանագիր է կնքել՝ էներգաարդյունավետության չափանիշներով նախագծին աջակցելու համար։ 

Այս տարածքի հարևանությամբ է գործում Գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, որի հարևանությամբ ժամանակին գործել է ջրավազան։ «Հետքն» անդրադարձել էր համալիրի կառուցման շուրջ գիտաշխատողների անհամաձայնությանը. ինստիտուտի տարածքը համարվում է տեղական նշանակության հուշարձան, իսկ ջրավազանի տարածքը, անցնելով մի քանի սեփականատերերի ձեռքով, դարձել էր «Գրին փրոփերթի դիվելոփմենթի» սեփականությունը։ Չնայած գիտաշխատողների կողմից բողոքի ակցիաներին ու նամակներին՝ կառավարությունը ցանկանում է վերացնել այս ներդրումային ծրագրի ճանապարհին բոլոր խոչընդոտները, ու անգամ ինստիտուտի և ընկերության տարածքով անցնող ու պատմամշակութային արժեք հանդիսացող «Աբուհայաթ» ջրանցքը կառավարության որոշմամբ հանվել է հուշարձանների պետական ցանկից։ Ընկերությունը դեռևս վերջնական փաստաթղթերի փաթեթը Երևանի քաղաքապետարան չի ներկայացրել, համալիրի հարկայնության մասին վերջնական տվյալներ առկա չեն։ Նախագծի ճարտարապետական մասի հեղինակը «Էլոյան արքիտեքտս» ընկերությունն է, որը պատկանում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Էլոյանի եղբորը։ 

«Գրին փրոփերթի դիվելոփմենթի» բաժնետիրոջ մասին իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում տեղեկություններ առկա չեն։ Ընկերությունը հիմնվել է 2019 թ. մարտին․ սա նրանց առաջին կառուցապատման նախագիծն է։ «Գրին փրոփերթի դիվելոփմենթի» տնօրենը Արտաշես Վարդանյանն է։ 

«Ռուցոգ-ինվեստ». ռուսահայ գործարարն ուզում է արդիականացնել մանկական երկաթուղին 

ՆԱԿ-ի կողմից ուղեկցվող մյուս ներդրումային ծրագիրը Երևանի մանկական երկաթուղու արդիականացումն ու ընդլայնումն է։ Նախատեսվում է իրականացնել այգու՝ միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցում, ինչպես նաև մանկական ժամանցի և հյուրանոցային, սպորտային համալիրի ստեղծում։ ՆԱԿ-ից «Փաստերի ստուգման հարթակին» տեղեկացրել են՝ ներդրումային ծրագիրը չեն կարող տրամադրել ներդրողի համաձայնության բացակայության պատճառով։  

Ներդրողը «Ռուցոգ-ինվեստ հոլդինգ» ընկերությունն է։ Վերջինիս հիմնադիրն ու սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է։ «Ռուցոգ-ինվեստը» Ռուսաստանում գործող խոշոր կառուցապատող հոլդինգ է, որը կառուցում, վաճառում ու վարձակալության է տալիս բազմաֆունկցիոնալ առևտրային օբյեկտներ ու բարձրակարգ բնակելի համալիրներ։ Հոլդինգում ներառված են ֆինանսական խումբը, շինարարական ստորաբաժանումները, նախագծող ու կառավարող ընկերություններ։ Կրեմլի մոտակայքում «Ռուցոգ-ինվեստը» կառուցել է «Նիկոլսկայա պլազա» բիզնես և առևտրի խոշոր կենտրոնը, Մոսկվայի Լուբյանսկայա հրապարակում գտնվող ST. Regis Moscow Nikolskaya հյուրանոցային համալիրը, Մոսկվայի հայկական թանգարանը, Olympic Plaza 1 և Olympic Plaza 2 բազմաֆունկցիոնալ կենտրոնները և այլն։ 

Մամուլում Ռուբեն Գրիգորյանի անունն ակտիվորեն սկսեց շրջանառվել 2017 թվականին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախօրյակին. խոշոր գործարարը հայտարարել էր, որ աջակցում է Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանիին» ու պատրաստ է նաև ֆինանսավորել քաղաքական ուժը։ Գրիգորյանը գործող իշխանության ընդդիմախոսներից է։ «Այլևս ոչ մի կասկած չկա, որ նրանք Հայաստանը տանում են կործանման», «սրանց (իշխանության-խմբ.) մոտ խիղճ բառն արմատապես չկա, աննամուս ու անպատիվ մարդիկ, տագնապալի ապագա, ահա այսօրվա մեր իրականությունը Հայաստանում», «Դու՛, նողկալի մի արարած, տարօրինակ անունով՝ Նիկոլ Վովաևիչ, դուխով ասելով մի նսեմացուցիչ պայմանագիր ստորագրեցիր, դուխով ջարդեցիր վերածնված հայկական ոգին». սրանք մեջբերումներ են Գրիգորյանի խոսքերից։ Գրիգորյանը նաև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահապատիժ կիրառելու կողմնակից է, իսկ տնտեսական հարցերում զգուշացնում է՝ Հայաստանին սպառնում է դեֆոլտն ու անկախության կորուստը։ Այսպիսի սարսափելի կանխատեսումները, սակայն, չեն խանգարում, որ Գրիգորյանի «Ռուցոգ-ինվեստը» ներդրումային ծրագրեր քննարկի Հայաստանում։ Բացի մանկական երկաթուղին, «Ռուցոգ-ինվեստը» ներդրումային ծրագրի առաջարկ ունի Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցման հետ կապված, իսկ Արագածոտնի մարզում ընկերությունը քննարկում է զբոսաշրջային ավան հիմնելու հնարավորությունը․ այս ծրագրի շրջանակներում նաև հանդիպումներ են տեղի ունեցել մարզային իշխանության ներկայացուցիչների հետ։ 

«Ռուցոգ-ինվեստը» հայաստանյան ընկերություն ևս ունեցել է, որը հիմնվել է 2006 թվականին, սակայն դրա գործունեությունն այժմ դադարեցված է։ 

«Հին Խնձորեսկ»՝ 2017-ից մեկնարկած ներդրումային ծրագիր

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից այս ներդրումային ծրագիրը ներկայացվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել դեռ 2017 թվականին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։ Դրանից հետո ընկերությունը որոշ ներդրումներ այս ծրագրի համար կատարել է։ Ըստ FIP.am-ին տրամադրված ծրագրի՝ նախատեսված 31 միլիոն դոլարի ներդրումից 10-ը կատարվել են։ Ծրագրով նախատեսվում է կառուցել հյուրանոցներ, Խնձորեսկում հիմնել երկաթուղի ու հրապարակ։ Այս ներդրումային ծրագրով է հիմնվել «Գորիս» հյուրանոցը։ Խնձորեսկում նախատեսվում է հիմնել նաև գյուղատնտեսական շուկա, շահագործել հին ջրաղացը, կառուցել հյուրատուն ու ռեստորան։ Խնձորեսկի հետ կապված ներդրումներն արդեն անցել են 1 միլիոն դոլարը։ Խնձորեսկում նաև նախատեսվում է հիմնել ֆունիկուլյոր, որի հետ կապված ևս 1 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել։ Ներդրողները նախատեսում են, որ ծրագրերով կստեղծվի 500 նոր աշխատատեղ, իսկ զբոսաշրջությունից Սյունիքի մարզի ՀՆԱ-ն կավելանա տարեկան 30 միլիոն դոլարի չափով։ 

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի բաժնետերերի մասին իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում տեղեկություններ չկան։ Այն, սակայն, կապված է գործարար Սենիկ Ջուլհակյանի հետ, որի ազգականն էլ ՓԲԸ-ի տնօրենն է։ Սենիկ Ջուլհակյանը տարիներ առաջ վստահեցրել էր, որ ընկերության 100 տոկոսի բաժնետերն ինքն է։ Նման հայտարարության անհրաժեշտություն ծագել էր մի շարք հրապարակումներից հետո, ըստ որոնց՝ «Հայհիդրոէներգանախագծի» թիկունքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր։ Ընկերության գործունեության ոլորտը հիդրոէներգետիկ ոլորտում նախագծման, հետախուզական, շինարարական ու գիտահետազոտական աշխատանքներն են։ Անցյալ ամիս ՓԲԸ-ին պատկանող բոլոր գույքերի վրա արգելանք է դրվել, սակայն չի պարզաբանվում, թե ում կողմից և ինչ գործի շրջանակում։ 

«Ներդրումների աջակցման կենտրոնի» կողմից ուղեկցվող այս ծրագրերը, փաստորեն, առնչվում են հուշարձանների հետ. մի դեպքում դա Ազատության պողոտայում գտնվող տեղական նշանակության հուշարձան է, մյուս դեպքում հնավայր՝ Արտաշատ քաղաքավայրը։ «Ռուցոգ-ինվեստի» կողմից Երևանի մանկական երկաթուղու արդիականացման ծրագիրը ևս առնչվում է երևանյան հուշարձաններից մեկին. խոսքը վերջնակայանի մոտ գտնվող Քարայր-կացարան Ձորագյուղ-2 ուշ միջնադարյան հուշարձանի մասին է։ 

  • Կիսվել: