շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչ մեխանիզմներ է մշակել կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար

Ինչ մեխանիզմներ է մշակել կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար

Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջության ոլորտն ամենատուժածներից է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Կարելի է ասել, որ այս պահին Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունների քանակը հասնում է 0-ի, հետևաբար, զբոսաշրջությունը համարվում է առավել խոցելի, քան մյուսները։ Վնասներ են կրում և մասնավոր հատվածի ներկայացուցիչները, և անհատ ձեռնարկատները, որոնք ներգրավված են եղել զբոսաշրջության ծառայությունների մատուցման բնագավառում՝ հյուրատները, հյուրանոցները, զբոսաշրջային սուբյեկտները, որոնց հիմնական սպառողը հանդիսացել է զբոսաշրջիկը»,- նշեց Սուսաննա Սաֆարյանը։

Դրանով պայմանավորված, ըստ նրա, վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ են եղել տարբեր զբոսաշրջային սուբյեկտների, այդ թվում՝ ներգնա, արտագնա տուրօպերատորների, զբոսավարների, հյուրանոցային, հյուրատնային գործունեություն ծավալողների, ուղևորափոխադրողների և բոլոր այն զբոսաշրջային սուբյեկտների հետ, որոնք կորոնավիրուսի պատճառով կորուստներ են կրել։

Ըստ նրա՝ վերջին շրջանում քննարկվել են զբոսաշրջության ոլորտին աջակցելու տարբեր մեխանիզմներ։

Մասնավորապես, առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման՝ 50 տոկոս պետությունից աջակցություն ստանալու համար։

Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝  այդ գումարն իրենք կարող են ծախսել իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, պետական կամ համայնքային բյուջեի վճարումների, տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև իրենց կոմունալ ծառայությունների վճարման համար։

Կոմիտեի նախագահը նշեց, որ այս աջակցությունը մի փոքր կարող է մեղմացնել այն կորուստները, որոնք տվյալ ոլորտի գործունեության սուբյեկտները կրում են։

Մեկ այլ նախագծով նախատեսվում է վարկավորման աջակցություն զբոսաշրջության փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Սրանով նախատեսվում է վարկավորում այն գործունեության սուբյեկտներին, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակներում է։

«Պայմանները հետևյալն են. մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում վճարումներ նախատեսված չեն՝ տոկոսավճար չկա։ Այս ամենից հետո ևս 2 տարի շարունակում են վճարումներ կատարել մայր գումարն առաց տոկոսի և միայն վերջին՝ 12-րդ ամսում՝ 12 տոկոս տոկոսավճարով կարողանում են օգտվել վարկավորումից։ Վաղաժամկետ վճարման դեպքում, բնական է, որ 3-րդ տարվա տոկոսավճարը չի գանձվում, հետևաբար, բավականին շահավետ գործարք կարող է լինել այն բիզնեսների համար, որոնք ի վիճակի են 2 տարում մարել վարկը և գումարներն օգտագործել և՛ իրենց աշխատակազմի կարիքների, և՛ այն բոլոր ծախսերի համար, որոնք այս պահին ծառացած են իրենց առջև»,- ասաց նա։

  • Կիսվել: