ՄԻՊ-ը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները՝ կարևորելով երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության առաքելությունն իրականացնող հաստատությունների համագործակցության ընդլայնումը։
Անահիտ Մանասյանը դեսպանին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Կողմերը քննարկել եմ իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները:
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի ներկայիս անթույլատրելի ծավալները Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը: Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։