հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իմ քայլը» չի կարող մերժել անանուն հանգանակությունները․ Մխիթար Հայրապետյան

«Իմ քայլը» չի կարող մերժել անանուն հանգանակությունները․ Մխիթար Հայրապետյան

Եթե օրենսդրությունը պահանջի, որ այսուհետ որևէ հիմնադրամ պարտավոր է հրապարակել նվիրատուների անունները, առաջինը դա կանի «Իմ քայլը» հիմնադրամը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ օրենքով հիմնադրամները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել և «Իմ քայլը» հիմնադրամը նույնպես պատշաճ կերպով ներկայացնում է հաշվետվություն դոնորների կատարած նվիրատվությունների քանակի վերաբերյալ՝ առանց անունները նշելու։

«Կարևոր է մեջբերել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որով նվիրատուները իրավունք ունեն պահանջել չհրապարակել իրենց անունները։ Հիմնադրամների համար կարևոր է, որ նվիրատուները հավատան իրենց գործունեությանը և մենք հարգում ենք նրանց որոշումը՝ անանուն մնալու։ Եթե ինձ հարցնեք, ապա ես շատ եմ ափսոսում, որ նման իրավիճակում ենք հայտնվել, որովհետև ես շատ կուզեի, որ բոլոր նրանք, ովքեր հանգանակություն են կատարում, հպարտանային դրանով։ Ես չգիտեմ որևէ բարերարի, որը կարող է իրեն թույլ տալ գումար փոխանցել հիմնադրամին մտքում՝ այլ նպատակ ունենալով»,- ասաց Հայրապետյանը:

«Քանի դեռ օրենսդրությունը այդ հնարավորությունը ստեղծում է և բոլոր հիմնադրամները օգտվում են այդ հնարավորությունից, «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող արգելել կատարել այդ նվիրատվությունները։ Ես գտնում եմ, որ մենք պետք է ապրենք այնպիսի մի իրականության մեջ, որտեղ իշխում է փոխադարձ վստահությունը, իհարկե գործող վերահսկողական մեխանիզմներով, որոնք գուցե, կարիք կա խստացնելու, ես ամենևին դեմ չեմ։ Բոլոր այն հիմնադրամները, որոնք աշխատում են թափանցիկ և արդյունավետ ծախսում են հավաքագրված գումարները, միայն պետք է ուրախ լինեն, որ 100 տոկոսով երաշխավորված է իրենց աշխատանքի թափանցիկությունը»- ասաց Հայրապետյանը։

  • Կիսվել: