Իմ իրավասությունների շրջանակում գործընթացներին միջամտելու մանդատ այս պահին չունեմ. Ռոմանոս Պետրոսյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
Իմ լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին որևէ մանդատ չունեմ՝ միջամտելու կամ ներազդելու գործընթացներին, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և չի վերհանվել այն օբյեկտիվ իրականությունը, որից հետո միայն կարող ենք ներգործել մեր լիազորությունների շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման թեմային:
«Եթե քրգործի հանգուցալուծումից հետո վերհանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ դրական փորձաքննության, ջրօգտագործման թույլտվության վրա, բնականաբար, մեր գործիքակազմերով կմիջամտենք:
Եթե վերհանվի այնպիսի իրողություն, որ որևէ կերպ կասկածի տակ չեն դրվում այդ ինստիտուտները, ապա այս պահին կարող եմ ասել, որ տնտեսվարողն ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը»,- ասաց Պետրոսյանը:
Ավելի վաղ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնել էր՝ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու:



