ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ անձնական կարծիքով ճիշտ է, որ Հայաստանն ունենա ազգային ավիափոխադրող.ՔԱԿ պաշտոնյա

Իմ անձնական կարծիքով ճիշտ է, որ Հայաստանն ունենա ազգային ավիափոխադրող.ՔԱԿ պաշտոնյա

 Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանն ասում է, որ եղել են անհամապատասխանություններ, ինչն էլ աուդիտի արդյունքներով տեղ է գտել Թռիչքային անվտանգության գործակալության (EASA) եզրակացության մեջ։

«Ես չեմ ասում, որ ընդհանրապես անհամապատասխանություններ չեն եղել։ Բայց նրանց գրանցած որոշ անհամապատասխանությունների հետ մենք համաձայն չենք ու բողոքարկվելու է այդ եզրակացությունը», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գյուրջյանը։

Նրա խոսքով, գործակալության (EASA) հաշվետվությունը վերջնական չէ, ընդամենը ներկայացվել է նախնական եզրակացություն։

«Երբ վերջնականը կներկայացվի, մենք նոր միայն այդ մասին կխոսենք։ Ես հիմա չեմ ուզում որևիցե բան ասել՝ լավ է, վատ է․․․Կա էն, ինչ արձանագրել են։ Դա փաստ է։ Մենք ունենք որոշակի վեճ, դա մեր կողմից լուրջ անհամաձայնությունն է, և այդ կապակցությամբ մեր առարկությունները ներկայացրել ենք։ Հիմա եկեք սպասենք պատասխանին, այնպես չէ, որ գաղտնի է պահվելու։ Ես չեմ հասկանում՝ ինչու է այս ամենը այսպես աժեոտաժ առաջացրել», - նշեց Կարեն Գյուրջյանը։

ՔԱԿ պաշտոնյան ևս նշում է, որ ոլորտում կան խնդիրներ, բայց դրանք այդչափ ծավալուն չեն, որոնց վերաբերյալ կարելի է շահարկումներ անել․ «Ես չեմ ասում՝ խնդիրներ չկան, բայց դա այն մակարդակի չէ, որի հիման վրա կարելի է շահարկումներ անել։ Թող վերջնական եզրակացությունը գա, կհրապարակվի, դա գաղտնի բան չէ»։

Դիտարկմանը, թե այս ոլորտի վերաբերյալ վերջին քննարկումների համատեքստում ակտիվ եղան քննարկումները, որ պետք է ունենալ ազգային ավիափոխադրող, Գյուրջյանն արձագանքեց․ «Իմ անձնական կարծիքն եմ ասում՝ այո, միանշանակ ճիշտ է, որ Հայաստանը ունենա ազգային ավիափոխադրող»։

Հետաքրքրվեցինք՝ ջանքեր չե՞ն գործադրում, որ ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ևս կողմնակից լինի այդ ծրագրի ներդրմանը, Կարեն Գյուրջյանը պատասխանեց․ «Ջանքեր գործադրում ենք, միշտ էլ խոսում, զրուցում ենք։ Այնպես չէ, որ մեր ղեկավարության հետ չենք շփվում։ Նրանք էլ են ուզում, ուղղակի ելնելով ինչ-ինչ քաղաքական, ֆինանսական հարցերից, երևի կողմ չեն։ Նրանք ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում, քան ես։ Ցանկությունը մի բան է, իրագործելը մեկ այլ բան է»։

  • Կիսվել: