«իԳործ» ծրագրի մասնակիցների 60 տոկոսից ավելին մնում է Հայաստանում
Մեկնարկել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2023-ի փուլը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներիին 1 տարի ժամկետով աշխատել Հայաստանի 20-ից ավելի գերատեսչությունում: Բոլոր հետաքրքրվածները կարող են դիմել մինչև ապրիլի 5-ը:
Հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանը նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը և նպաստել պետական կառավարման համակարգի մարմինների զարգացմանը:
«Ամփոփելով նախորդ տարիների արդյունքները, պետք է հպարտությամբ նշեմ, որ ծրագրի մասնակիցների 60 տոկոսից ավելին ծրագրի ավարտից հետո մնում են հայրենիքում: Արդեն մեկնարկել է ծրագրի 4-րդ շրջափուլը: Մասնակցության հայտերը հասանելի են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքում: Բոլոր այն սփյուռքահայերը, որոնք հետաքրքրված են ծրագրով, ցանկանում են իրենց մասնագիտական հմտությունները ներդնել Հայաստանում, կարող են դիմել»,-ասաց Հերմինե Հարությունյանը:
«իԳործ» ծրագրի մասնակիցներից է Անի Հարությունյանը: Նա ծրագրի շրջանակում Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից: Այնտեղ 15 տարի ապրելուց հետո գործունեություն է ծավալել հայրենիքում: Հայրենադարձ Անին այժմ աշխատում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Առաջին մասնագիտությամբ լրագրող է, երկրորդ մասնագիտությամբ՝ արվեստաբան:
«Այժմ աշխատում եմ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության Ժամանակակից արվեստի բաժնում: Իմ գործունեությունը հիմնականում կապված է մոնիթորինգի, հետազոտական աշխատանքների հետ: «իԳործ»-ը շատ կարևոր փորձ է, այն մեծ հնարավորություն է արտերկրում կրթություն ստացած մարդու համար: Այստեղ գործունեություն ծավալելով, հասկանում ես, թե որքանով կարող ես օգտակար լինել հայրենիքի համար»,-ասաց Անի Հարությունյանը:
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից՝ յուրաքանաչյուր փուլին մինչև 50 մասնակցի համար: Ավելի շատ դիմում են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, վերջերս ակտիվություն է նկատվում նաև Արգենտինայից: Մասնագետներն ավելի շատ իրավական տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից են: Վերջին շրջանում նաև կրթության, մշակույթի ոլորտի մասնագետներ են դիմում: