ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ի՞նչ են Wildberries-ից պատվիրել ՀՀ բնակիչները հուլիս-օգոստոսին․ ամենաակտիվ գնումներն արվել են Երևանից, Կոտայքից, Սյունիքից և Շիրակից

Ի՞նչ են Wildberries-ից պատվիրել ՀՀ բնակիչները հուլիս-օգոստոսին․ ամենաակտիվ գնումներն արվել են Երևանից, Կոտայքից, Սյունիքից և Շիրակից

Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, և ծնողները փորձում են հասցնել երեխաներին նախապատրաստել դպրոցին՝ գնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար ավելի հաճախ գնումներ են կատարվում առցանց։ Wildberries-ը վերլուծել է 2023-ի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների արած պատվերները և ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնվող ապրանքները։

Այսպիսով, ծախսերի հիմնական մասը բաժին են ընկել դպրոցական հագուստի և կոշիկի, գրենական պիտույքների և տարբեր աքսեսուարների ձեռքբերմանը։ Ապրանքների թոփ հնգյակը կազմում են զգեստները, շապիկները, տաբատները, կոստյումները և ջինսերը։ Այս ամռանը զգեստների պահանջարկը աճել է 8 անգամ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շապիկները՝ 11, տաբատները՝ 12, կոստյումները՝ 21, ջինսերը՝ 14 անգամ։ Այս սեգմենտի ապրանքների մեծ մասը գնել են մայրաքաղաքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի բնակիչները։

Կոշիկների տեսականուց ծնողները նախընտրել են սպորտային կոշիկներ, որոնց պահանջարկը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 անգամ, սանդալները՝ 11 անգամ, աշնանային կոշիկները՝ 9 անգամ։ Այս սեգմենտից ամենաշատ գնումները կատարվել են նույնպես Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր պարագաներով։ Այս սեզոնին գրեթե 8 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ տարեկան աճը կազմել է 272%։ Մնացած գրենական պիտույքներից ամենաշատը գնվել են մատիտատուփերը (+367%), գրիչները (+474%), մատիտները (+464%), տետրերը (+442%) և, մասնավորապես, թուղթը (+107%)։ Գրենական պիտույքների մեծ մասը ձեռք են բերել Երևանի, Կոտայքի և Շիրակի մարզերի բնակիչները։

«Ուրախ ենք, որ ծնողները և երեխաները մատչելի գներով ապրանքների լայն տեսականուց օգտվելու հնարավորություն ունեն, ինչը կօգնի յուրաքանչյուր երեխային վայելել ուսումնական տարին: Ժամանակն է սովորել և ձգտել նոր ձեռքբերումների»,- ասել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018-ից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։

2023-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:

2023-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական և գործընկերային կետեր:

  • Կիսվել: