շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀԾԿՀ-ն շուտով կհրապարակի գազի նոր սակագինը. նախարար

ՀԾԿՀ-ն շուտով կհրապարակի գազի նոր սակագինը. նախարար

«Ես կողմ եմ ոչ միայն երկսակագնային, այլև բազմասակագնային քաղաքականությանը, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ում միատարր սակագինը, մեղմ ասած, արդար չէ»,- այս մասին այսօր 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի գազի և ջրի համար երկսակագնային քաղաքականության մասին։

Ըստ նախարարի, մի պարագայում մարդն ունի 100 հեկտարանոց այգի, իսկ մյուս դեպքում՝ քաղաքացին ունի մեկ հեկտար կամ 1000 քմ տնամերձ տարածք, բայց, օրինակ, ջրի համար վճարում են հավասարաչափ գումար։

«Այն դեպքում, երբ պետությունը սուբսիդավորում է 159 դրամանոց ջրի գնի հիմնական հատվածը և այն 11 դրամով հավասարապես տրամադրում է երկու կողմին էլ։ Բնականաբար, անարդար է։ Իհարկե, սահմանամերձ գյուղերը կարող են այդ արտոնությունից օգտվել, բայց այն համատարած բնույթ չպետք է կրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով, մարդիկ մտածում են՝ ջուրը տվել է բնությունը, և այն պետք է անվճար լինի, սակայն չեն պատկերացնում, ինչ ճանապարհով է այդ ջուրն իրենց հասնում։

Ինչ վերաբերում է գազի նոր սակագնին, Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհրապարակի բնակչության սոցիալական տարբեր խմբերի համար գազի նոր սակագները:

Նա հույս հայտնեց, որ հանրության շրջանում եղած մտահոգությունը շուտով կվերանա: «Ես կարծում եմ, որ այստեղ մտահոգություններ չեն լինի, դրանք կփարատվեն։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ արդյունքը բնակչության հիմնական սոցիալական խմբերի համար իրավիճակի վատթարացման չի հանգեցնի»,- նշեց Սուրեն Պապիկյանը։

  • Կիսվել: