ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS INTERCOOPERATION-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և HELVETAS Swiss Intercooperation շվեյցարական զարգացման կազմակերպության հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է համագործակցություն հաստատել ներառական և կանաչ տնտեսական զարգացումը խթանող ծրագրի շրջանակներում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Հուշագիրը ստեղծում է կողմերի միջև համագործակցության շրջանակ կայուն տնտեսական զարգացման, էներգաարդյունավետության, կանաչ անցման, կարգավորող միջավայրի բարելավման, էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման հետ կապված ոլորտներում։ Այն նաև նախատեսում է համագործակցություն հետազոտությունների, խորհրդատվությունների, գիտելիքների փոխանակման, կարողությունների զարգացման, շահագրգիռ կողմերի ներգրավման և էներգետիկ ոլորտի բարելավմանն ու շուկայի զարգացմանը նպաստող առաջարկությունների մշակման ոլորտներում։ Հատկապես կարևորվում է հանձնաժողովի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդումը, այդ թվում՝ ուսումնական ծրագրերի, փորձագիտական փոխանակումների, սեմինարների և մասնագիտական զարգացման այլ նախաձեռնությունների կազմակերպման միջոցով։
Ստորագրման արարողությունից հետո ելույթ ունենալով՝ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծել է համագործակցության գործնական նշանակությունը.
«Էներգետիկայի ոլորտը արագ վերափոխման է ենթարկվում՝ ստեղծելով նոր մարտահրավերներ կարգավորող մարմինների համար։ Այսօր արդյունավետ կարգավորումը պահանջում է ոչ միայն ուժեղ ինստիտուտներ, այլև ժամանակակից փորձագիտություն, շարունակական մասնագիտական զարգացում և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցություն։ Մենք բարձր ենք գնահատում HELVETAS-ի պատրաստակամությունը՝ աջակցելու կարողությունների զարգացմանը և գիտելիքների փոխանակմանը։ Այս Հուշագիրը նոր հնարավորություններ կընձեռի Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման, կարգավորող պրակտիկայի բարելավման և Հայաստանում կայուն զարգացմանը աջակցելու համար»,- ասել է Մեսրոպյանը։
Մեսրոպյանը նաև նշել է, որ համագործակցությունը կնպաստի էներգետիկ կարգավորման ժամանակակից մոտեցումների ներդրմանը, կնպաստի միջազգային լավագույն փորձի փոխանակմանը և կաջակցի ոլորտում ավելի կանխատեսելի և ներդրումային միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերին։
HELVETAS Swiss Intercooperation-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Հովսեփ Պատվականյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը կայուն տնտեսական զարգացման խթանման գործում.
«Մենք ուրախ ենք համագործակցություն հաստատել Հանձնաժողովի հետ և կարծում ենք, որ կարողությունների ամրապնդումը և գիտելիքների փոխանակումը կնպաստեն Հայաստանում ավելի արդյունավետ և կայուն էներգետիկ ոլորտի ձևավորմանը: Հուշագրի ստորագրումից հետո մենք սպասում ենք գործնական նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կապահովեն երկարաժամկետ օգուտներ էներգետիկ ոլորտի համար»,- նշել է նա:
Կողմերը վստահություն են հայտնել, որ հուշագիրը կծառայի որպես ամուր հիմք գործնական համագործակցության և Հայաստանի կայուն տնտեսական և էներգետիկ զարգացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման համար։
HELVETAS Swiss Intercooperation-ը միջազգային ճանաչում ունեցող շվեյցարական զարգացման կազմակերպություն է, որն ավելի քան 70 տարի գործունեություն է իրականացնում աշխարհի բազմաթիվ երկրներում՝ իրականացնելով ծրագրեր կայուն զարգացման, կրթության, ինստիտուցիոնալ կարողությունների և տնտեսական զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում։



