ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հողագործական աշխատանքների ընթացքում խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները. ԱՆ

Հողագործական աշխատանքների ընթացքում խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները. ԱՆ

Առողջապահության նախարարությունը իրազեկում է՝ հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։
 
Թունաքիմիկատներ գնելիս 
 
1. Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա:
 
2. Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են, կամ գրված են ձեզ համար անհասկանալի լեզվով:
 
Օգտագործման ընթացքում
 
Օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը:
 
Լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով:
 
Օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ):
 
Լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին:
 
Չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում:
 
Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ:
 
Պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում:
 
Չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։
 
Քանի որ դեռևս շարունակվում են ծնողների անուշադրության հետևանքով արձանագրված թունավորման դեպքերը, ԱՆ-ն հորդորում է՝
 
Պահպանե՛ք դրանք բարձր տեղերում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ և փակվող տուփերում։
 
Մի՛ պահեք թունաքիմիկատները և քիմիական նյութերը երեխաներին հասանելի վայրերում։
 
Հիշե՛ք՝ ծնողների անտեղյակությունն ու անփութությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
 

  • Կիսվել: