հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվեց. այն կգործի սեպտեմբերից

Հոգեմետ դեղերի էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվեց. այն կգործի սեպտեմբերից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշում կայացրեց, որով հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի` էլեկտրոնային դեղատոմսերով դուրսգրումը կարճ ժամանակով հետաձգվեց։ Այն կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1–ից:

Որոշման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է ներկայումս առաջացած մի շարք խնդիրներով և էլեկտրոնային դեղատոմսերի գրման, բաց թողնման կարգի աստիճանաբար ներդնելու անհրաժեշտությամբ:

«Հաշվի առնելով, որ էլեկտրոնային դեղատոմսով գրման ու բաց թողնման գործընթացը ՀՀ–ում իրականացվում է առաջին անգամ, ուստի ծրագրի 1–ին փուլի ներդրման գործընթացի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով, առաջարկվում է երկարաձգել դեղատոմսով բաց թողնվող այլ դեղերի մասով էլեկտրոնային դեղատոմսերի գրման ու բացթողման գործընթացը և ներդնել փուլային կարգով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

  • Կիսվել: