կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հնարավոր է 2023-ին վերանայվեն նվազագույն և բազային աշխատավարձերը․ փոխնախարար

Հնարավոր է 2023-ին վերանայվեն նվազագույն և բազային աշխատավարձերը․ փոխնախարար

Պարբերաբար վերանայվում են պետության հնարավորությունները  և կառավարության ծրագրով էլ նախատեսվում են փոփոխություններ կատարել:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ  ճեպազրույցում խոսելով կենսաթոշակների 3000 դրամ բարձրացման մասին՝ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։  

Ըստ փոխնախարարի՝ կենսաթոշակների հենց 3000 դրամով բարձրացման համար հիմք են հանդիսացել   դեռ անցած տարվանից հաստատված գործողությունների ծրագիրը և պետության հնարավորությունները՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում․ «Հետագայում, բնական է՝  այսքանով չենք սահմանափակվելու»,- վստահեցրեց Սարգսյանը։ 

«3000 դրամի ավելացումն այն չէ, որ  խնդիրներ կլուծի, բայց  փուլային  լուծման տարբերակ է ու նպատակ է դրված հասցնել այնքանի, որ  մարդիկ կարողանան ապահովել իրենց առաջին անհրաժեշտության պարագաներով»,- ասաց փոխնախարարը։ 

Սարգսյանի խոսքով՝ կառավարությունում քննարկումներ են ընթանում, որ հաջորդ տարվանից վերանայվի նվազագույն աշխատավարձի չափը, որն այսօր կազմում է 65 հազար դրամ․ «Նախատեսվում է, որ փոփոխությունը պետք է  բոլորի վրա տարածվի։  Ե՛վ նվազագույն, և՛ բազային աշխատավարձի համար, այս պահի դրությամբ քննարկվում է 75 հազար դրամ դարձնելը»։ 

Աշխատավարձերի բարձրացումը ևս փուլային տարբերակով է ընթանալու, նախատեսված բարձրացումը փուլերից միայն մեկն է և նվազագույն աշխատավարձի համար չափանիշ է սահմանված 85 հազար դրամը, նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը ։ 

  • Կիսվել: