«Հիմա դուք գործարա՞ր եք, թե՞ ընդդիմադիր գործիչ». Գեւորգ Պապոյանը տնտեսվարողներին հրավիրեց դահլիճ՝ քննարկման
Շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները իրենց բողոքի ակցիան շարունակել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտ։ Նրանց պահանջն է չեղարկել շրջանառության հարկի մասին նոր օրենքը։ Ակցիայի մասնակիցները սկսել են վանկարկել. «Կա-սե-ցո՛ւմ, կա-սե-ցո՛ւմ»:
«Ժողովուրդ ջան, եկեք լռությամբ հարգենք Էկոնոմիկայի նախարարության կորուստը»,-հայտարարեց բողոքի ակցիային մասնակցող տնտեսվարողներից մեկը։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ նախարար Գևորգ Պապոյանը։
«Տեսնում ենք, որ նախարար ունենք, բայց նախարարություն չունենք»,-շարունակեց տնտեսվարողը։
Գևորգ Պապոյանն առաջարկեց դահլիճում նստել՝ խոսել։
«Էդ թեստից արդեն 10 անգամ անցել ենք, բոլորին տեսել ենք, բոլորի հետ զրուցել ենք»,-ասացին ակցիայի մասնակիցները։
«Հիմա դուք գործարա՞ր եք, թե՞ ընդդիմադիր գործիչ, եկեք պայմանավորվենք՝ ընդդիմադիրները թող մնան այստեղ ցույց անեն, ես շատ հարգում եմ նրանց, իսկ ով գործարար է՝ գնանք ներսում քննարկենք»,-ասաց նախարարը։
Առաջարկվեց հավաքվածները բոլորով ներս մտնեն։