երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ

ՀՀ վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ քննարկվել են բանկի կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի կատարման ընթացքի հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՆԲ աջակցությամբ հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ:

Տեխնիկական աջակցության դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ կողմից վարձված միջազգային խորհրդատու կազմակերպությունը սկսել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը։ Խորհրդատու կազմակերպությունը կատարելու է նաև այդ աշխատանքների իրագործման տեխնիկական հսկողությունը։ Արդեն իսկ պատրաստ են առաջին փուլի (9 վթարավտանգ կետերի բարելավում) նախագծանախահաշվային փաստաթղթերը և մրցութային փաստաթղթերի փաթեթը։ 2020թ. փետրվարի 19-ին հայտարարվել է համապատասխան շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը։

Տեղեկացնենք‚ որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորում է մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ։ Ծրագիրը ներառում է նաև մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։

  • Կիսվել: