ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ-ում զույգերն ուզում են ունենալ 3 երեխա, բայց ունենում են 1-2-ը. շեշտը չպետք է դնել ծնելիության վրա. Ծ. Հարությունյան

ՀՀ-ում զույգերն ուզում են ունենալ 3 երեխա, բայց ունենում են 1-2-ը. շեշտը չպետք է դնել ծնելիության վրա. Ծ. Հարությունյան

Աշխարհի բնակչությունը նախորդ տարի հատեց 8 միլիարդի շեմը եւ կան կանխատեսումներ, որ այս դարի վերջին կհատի 10 միլիարդի շեմը, սակայն կան շատ երկրներ, որտեղ բնակչության ճը կամ կանգ է առել, կամ գնում է նվազման: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:

Նա նկատեց, որ հետաքրքրական է, որ աշխարհի բնակչության 2/3-ն ապրում է հենց այն երկրներում, որտեղ ծնելիությունը 2,1-ից ցածր է, այսինքն պարզ վերարտադրությունից ցածր. «Աշխարհում գլոբալ ծնելիության մակարդակը մոտ 2,3 է, որը մոտ է պարզ վերարտադրությանը, մինչդեռ 70 տարի առաջ այն 5 էր:

«Աշխարհի բնակչությունը» 2023 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ եթե մենք սոսկ թիրախավորում ենք ծնելիության մակարդակը, դա բերում է անցանկալի հետեւանքների: Օրինակ, կանայք ու աղջիկները դիտարկվում են որպես երեխա արտադրող անդեմ գործիքներ: Որոշ երկրներում քայլեր են արվում սահմանափակելու հակաբեղմնավորիչների օգտագործումը կամ հղիության արհեստական ընդհատումների օրինական ծառայությունները: Իսկ աշխարհն արդեն գիտի, որ դրանք ոչ թե ծնունդների աճի են բերում, այլ ավելանում է ընդհատակյա աբորտների թիվը, որի հետեւանքով էլ ավելանում է մահացությունը:

Զեկույցը ցույց է տալիս, որ քայլեր պետք է իրականացվեն բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, որտեղ մարդիկ կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով, կունենան որակյան առողջապահական ու կրթական ծառայություններ, ամուր կլինեն սոցիալական ապահովության երաշխիքները»,-ասաց Ծովինար Հարությունյանը:

Անդրադառնալով լուծումներին, նա նշեց. «Մեր փորձագետները պնդում են, որ անկախ բնակչության թվից երկրները կարող են զարգանալ, աճել, եթե ունեն ներառական հասարակություններ: Դա անելու համար նախ պետք է մտածենք, թե ինչպես ենք մտածում, խոսում եւ ինչ քայլեր ենք պլանավորում անել: Ոչ թե պետք է թիրախավորենք ծնելիությունը, այլ մարդուն եւ այն միջավայրը, որտեղ մարդն ապրում է:  Սա չի նշանակում, որ ծնելիությունը խթանող քայլեր չպետք է անել, բայց դրանք չպետք է լինեն հարկադրաբար, պետք է հարգվեն կանանց իրավունքները»:

Ծովինար Հարությունյանը հավելեց, որ կա հնարավորության պատուհան, որը ցանկալի ծնունդների թիվն է. «Փորձագետներն առաջարկում են, որ երկրները կենտրոնանան այդ ցուցանիշի վրա:  Արեւելյան Եվրոպայում երեխաների ցանկալի թիվը 2 եւ ավելի է, սակայն այնտեղ ունենում են մեկ կամ ավելի քիչ երեխաներ:  Հայաստանում զույգերն ուզում են ունենալ երեք երեխա, սակայն ունենում են 1-2-ը: Պետք է հասկանալ, թե որոնք են խոչընդոտները, որ մարդիկ իրենց վերարտդրողական ցանկությունները չեն կարողանում իրականացնել: Շատ երկրներ փորձել են սա անել միայն ֆինանսական խթաններ գործածելով եւ էլի ֆոկուսը եղել է ծնելիությունը:

ՄԱԿ-ի վերջին հետազոտությունը ցույց է տալիս, որ պետությունների տնտեսության զարգացման վրա ավելի շատ ազդում է  աշխատաշուկայում կանանց եւ տղամարդկանց համար հավասար պայմանների ստեղծումը, քան թե վերադառնալը բարձր ծնելիության»,-ընդգծեց նա:

Հարությունյանի խոսքով, պետք է ներդրումներ անել մարդկանց ներուժի մեջ, զարգացնել մարդկային կապիտալը. «Այսօր աշխարհում հասարակությունների ուժը չեն չափում մարդկանց քանակով, այլ իրենց հավաքական տաղանդով, արտադրողականությամբ, հմտություններով»:

  • Կիսվել: