Պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը, ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ, լծվել է հաղթանակը կռելու դժվարին գործին
Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես միլիոն հայ է մասնակցել պատերազմին, որից արհավիրքին զոհ է գնացել շուրջ 300 հազարը։ Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը, ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին, լծվել է հաղթանակը կռելու դժվարին գործին՝ ռազմաճակատի կարիքների համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ և այլն։ Հայ ժողովրդի հարյուրավոր զավակներ են արժանացել ԽՍՀՄ բարձրագույն կոչումների։
Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը, դիմադրունակությունն ու կամքը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։
Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա»։