երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում

ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Տեղեկությունը հրապարակված է կառավարության e-gov հարթակում։
 
«Աշխատանքային խումբը ստեղծվում է նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Այս որոշմամբ հաստատվում է նաև խմբի կազմը»,– ասված է որոշման մեջ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։
Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ռուսական ձեռնարկությունները մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի հիմնանորոգման աշխատանքներին։ Վերանորոգման մեծ մասն իրականացվել է Ռուսաստանի կառավարության վարկի միջոցներով։ Նոր էներգաբլոկի արժեքի հաշվարկներն իրականացնում է նաև «Ռոսատոմ» ընկերությունների խմբի ձեռնարկություններից մեկը ՝ Rusatom Energy Projects-ը։ Տվյալներն առայժմ մոտավոր կլինեն, բայց մեկնարկային կետ կդառնան տեխնիկատնտեսական հիմնավորման համար, որը պետք է պատրաստ լինի 2025 թ.–ի վերջից ոչ ուշ։
 
Ենթադրվում է, որ էներգաբլոկի հզորությունը կկազմի 1000 կամ 1200 մեգավատ։ Այս երկու տարբերակների համար էլ դիտարկվում են ռեակտորների ռուսական նախագծեր։

  • Կիսվել: