ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ-ում կան բավարար ծավալով արտադրություններ՝ դիմակի կարիքները հոգալու համար. վարչապետ

ՀՀ-ում կան բավարար ծավալով արտադրություններ՝ դիմակի կարիքները հոգալու համար. վարչապետ

Հայաստանում կան բավարար ծավալով արտադրություններ դիմակի կարիքները հոգալու համար։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց. ՛՛Այսօր շուկայում էական գնանկում կա, այսօր ինձ ասացին, որ նույնիսկ կարելի է 80 դրամով դիմակ գնել, չնայած դեռ շատ տեղեր կան, որ 150-200 դրամով են վաճառում, եւ շատ մարդիկ կան՝ չիրազեկվածության պատճառով շարունակում են հին իներցիայով այդ գներով դիմակ գնել։ Այսօր վստահաբար ինքնաշխատ ավտոմատներից կարելի է հատը 100 դրամով գնել դիմակ, իհարկե, այս պարագայում պետք է միանգամից երկուսը վերցնել՝ վճարելով 200 դրամ՛՛։

Նա խոսեց նաեւ համավարակի հետեւանքներից՝ տարբեր երկրներում՝ ասելով. ՛՛Որեւէ մեկը արդյունքները թող չամփոփի, քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել կորոնավիրուսի համաճարակի ավարտը։ Երբ դա արձանագրվի, այն ժամանակ մենք թուղթ ու գրիչ կվերցնենք ու համեմատություններ կիրականացնենք, կտեսնեն՝ ով ինչ է ձեռք բերել, ով ինչ է կորցրել, ով ինչպես է վարել համավարակը՛՛:

Ըստ Փաշինյանի  կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ կորոնավիրուսի պայմաններում կյանքը շարունակելու, ճշտգրիտ է ընտրված, եւ չի բացառվում, որ գալիք աշնանը մարդկանց օրգանիզմը իմունիտետ ձեռք բերի վիրուսի նկատմամբ։

Խոսելով հասարակության շրջանում վիրուսի գոյության վերաբերյալ թերահավատության մասին՝ Փաշինյանն ասաց, որ ողջ աշխարհը կորոնավիրուսի հետ կապված շատ դիլեմաների է հանդիպում, բայց, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ մենք վտանգավոր համաճարակի պայմաններում ենք։ 

  • Կիսվել: