ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ-ում համատարած գնաճ է արձանագրված. Էնֆիաջյան

ՀՀ-ում համատարած գնաճ է արձանագրված. Էնֆիաջյան

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ-ում համատարած գնաճ է արձանագրված: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխնախագահ, ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ բուսական յուղը թանկացել է 44.3%-ով, շաքարավազը՝ 40.75-ով, ձուն՝ 26.4, կաթնամթերքը՝ 7.7, միրգը միջինը՝ 12, բանջարեղենը՝ 9.9, հացը՝ 7.9, ալյուրը՝ 12.5, խմիչքը, ծխախոտը՝ 6.8, ոչ պարենային ապրանքները՝ 5.5, դեղերը ևս թանկացել են, միջմարզային մի շարք ուղղությունների տրանսպորտի սակագինը 15-40 տոկոսով է թանկացել, իսկ ուղևորատոմսի գնի բարձրացմանը զուգահեռ որակի որևէ փոփոխություն չկա:

Պատգամավորն ընդգծեց, որ համատարած գնաճի ֆոնին աշխատավարձերը չեն բարձրացել, սոցիալական որևիցե շոշափելի ծրագիր չի իրականացվել: ՛՛Որտե՞ղ են կառավարության պատկան մարմինների ներկայացուցիչները, որոնք պետք է պատասխան տան ստեղծված իրավիճակի համար։ Համատարած բացթողումների, ձախողումների հետևանքը՝ պաշտոնանկությունները, պետք է չուշանան՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: