շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (ՋՈԾԲ) ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առաքելության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը։
 
Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է Հայաստանում ոռոգման համակարգերի արդիականացմանն ու կառավարման բարելավմանն, ինչպես նաև ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված ՀԲ-ի շարունակական աջակցությունը և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը։
 
ՏԿԵ նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել ներկայումս պլանավորման փուլում գտնվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրի հայեցակարգին և իր գոհունակությունն է հայտնել այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացի վերաբերյալ։
 Փոխնախարարն իր խոսքում կարևորել է հատկապես ոլորտային ռազմավարական ու հայեցակարգային մոտեցումները՝ նշելով, որ քննարկվող ծրագրային նախաձեռնության շրջանակներում անհրաժեշտ է որպես թիրախ առաջնահերթորեն դիտարկել այդ հարցերը, իսկ ներդրումային բաղադրիչը պլանավորել վերոհիշյալ ռազմավարական ու հայեցակարգային մոտեցումներին ներդաշնակ։
 
ՀԲ-ի գործընկերների կողմից ներկայացվել է ՋՈԾԲ ծրագրի ընդհանուր շրջանակը, առանձին բաղադրիչները և իրականացման մոտեցումները։ Նշվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է առանձին ինստիտուցիոնալ բաղադրիչ, որի շրջանակներում կհասցեավորվեն փոխնախարարի կողմից բարձրացված հարցերը։
 
Այդ համատեքստում խոսվել է հատկապես ոռոգման և խմելու ջրամատակարարման ուղղությամբ նախատեսված միջոցառումների և ներդրումային ուղղությունների մասին, ինչպես նաև քննարկվել են ՀԲ-ի առաքելության այցի ընթացքում նախատեսված աշխատանքային, տեխնիկական հանդիպումներին և դաշտային այցերին վերաբերող հարցերը։
 
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են երկկողմ և այլ ձևաչափերով հանդիպումները` հույս հայտնելով, որ մոտ ապագայում համատեղ ջանքերով կվերջնականացվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ պատշաճ և բավարար հիմքեր ստեղծելով հետագա արդյունավետ մեկնարկի և իրականացման համար։

  • Կիսվել: