հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չկան:

«Միևնույն ժամանակ, մենք մեր օրենսդրությունները, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ: Օրինակ՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ի կողմից կընդունվեն ԵՄ 4 դիրեկտիվները, որոնք վերաբերում եմ սպառողների իրավունքների պաշտպանությանը, մրցակցությանը: Հիմա եթե ԵՄ-ում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, բա այդ կարգավորումները չբերեն՞ք, չիմպլեմենտացնե՞նք այստեղ»,- ասաց նա:

Նախարարը նաև հիշեցրեց, որ «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ ներկայացնող քաղաքական ուժերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չունեն: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ նախագծի՝ խորհրդարանի կողմից ընդունվելուն, ապա, ըստ Գևորգ Պապոյանի, ՀՀ իշխանությունն այդ կերպ իր դիրքորոշումն է հայտնել 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն ստացված նախագծին:

  • Կիսվել: