ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՀՀ մաքսային ծառայությունում աշխատելու համար 450 անձ է դիմել. ինչպես է համալրվում համակարգը

ՀՀ մաքսային ծառայությունում աշխատելու համար 450 անձ է դիմել. ինչպես է համալրվում համակարգը

Մաքսային համակարգում նոր համալրումներ են սպասվում. շուտով մեկնարկելու են մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները, որոնց մասնակցելու համար արդեն շուրջ 450 անձ է դիմել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը։
 
Առաջին փուլն ավարտվել է նախորդ տարի, երբ Երևանի մաքսատուն–վարչությունում կազմակերպվել էին մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներ։ Ավարտից հետո 140 անձ այժմ աշխատում է մաքսատանը, բայց շուրջ 40 տոկոսը վերապատրաստում է անցել։
 
«Նախորդ տարի անսպասելի մեծ հետաքրքրություն կար. 120-130 տեղի համար դիմել էր 2000 անձ, որոնք որոշակի գործընթացների արդյունքում դուրս մնացին։ Այս տարի մեկնարկել է երկրորդ փուլը, սակայն հետաքրքրությունն այդքան էլ մեծ չէ. 800 հաստիքի համար դիմորդները շուրջ 450–ն են։ Մի փոփոխություն կա` դասընթացները նախատեսում ենք իրականացնել բոլոր մաքսատներում ու համալրել հաստիքները։ Դրանց միջոցով նաև վերապատրաստում են անցնում ներկայում աշխատողները»,– նշեց Սողոմոնյանը։
 
Նրա խոսքով` դասընթացից հետո տրված հավաստագիրը 3 տարի ժամկետով է, և եթե այդ ժամանակ մասնակիցը չի կարողանում աշխատանքի անցնել տվյալ մաքսատանը, նա 3 տարում կարող է աշխատանքի առաջարկ ստանալ այլ մաքսատնից։ Նմանատիպ փորձ եղել է նաև նախորդ տարվա դասընթացներից հետո։
 
Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի, լավ տիրապետել հայերենին և ունենալ բարձրագույն կրթություն։
«Տեսչական անձնակազմի համար դասերի ընթացքում հիմնական շեշտը դրվում է մասնագիտական կարողությունների զարգացման վրա։ Առանձնահատուկ շեշտադրում է կատարվում նաև բարեվարքության բաղադրիչի վրա, ինչպես նաև մաքսային համակարգում գործող էլեկտրոնային համակարգերի ծանոթացմանը»,– նշեց ՊԵԿ փոխնախագահը։
 
Անդրադառնալով այս ծառայությունում կանանց ներգրավվածությանը` Սողոմոնյանն ընդգծեց, որ չնայած այն կարծրատիպերին, որ, օրինակ, բացթողնման գործընթացը (բեռնատարներ զննելու. խմբ.) տղամարդու գործ է, դասընթացներից հետո այստեղ աշխատում են նաև կանայք։
Մաքսային ծառայողների պատրաստման դասընթացները տևելու են 2.5 ամիս, իսկ գործնական պարապմունքները` 4 շաբաթ։

  • Կիսվել: