չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը Վերականգնման վարկերի բանկից կստանա 20 մլն եվրոյի վարկ և շուրջ  11 մլն եվրոյի դրամաշնորհ

ՀՀ կառավարությունը Վերականգնման վարկերի բանկից կստանա 20 մլն եվրոյի վարկ և շուրջ  11 մլն եվրոյի դրամաշնորհ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրով ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից («KfW» բանկ) ներգրավելու վարկային միջոցներ եւ  ֆինանսական օժանդակություն հետեւյալ ծրագրերի համար՝

«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 750,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

«Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում» 1-ին ծրագրի իրականացմանն ու աջակցմանն ուղղված անհրաժեշտ հարակից միջոցառումների համար մինչեւ 2,700,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

«Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում հավելյալ մինչեւ 2,000,000 եվրո ֆինանսական օժանդակություն,

Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրման ներդրման ծրագրի շրջանակներում՝ ընդհանուրը՝ 5,339,139.38 եվրոյի չափով ֆինանսական օժանդակություն,

«Գերմանահայկական հիմնադրամ, վերաֆինասավորման գիծ I» ծրագրի համար՝ արտոնյալ պայմաններով տրամադրվող մինչեւ 20,000,000 մլն եվրո գումարի չափով վարկ:

Համաձայնագիրը հանդիսանում է որպես շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի»:

  • Կիսվել: