հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ

ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ

Իրանի հետ ակտիվ քաղաքական երկխոսության պահպանումը և առևտրատնտեսական կապերի ընդլայնումը երկկողմ հարաբերությունների առաջնահերթություններից են։ Իրանի հետ էներգետիկ համագործակցության խորացումը, սահմանամերձ ենթակառուցվածքների զարգացումը և ԻԻՀ-ով անցնող հաղորդակցական երթուղիների ընդլայնումը (Հյուսիս – Հարավ, Պարսից ծոց – Սև ծով) կշարունակվեն։ Այս մասին ասվում է Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի տեքստում, որը հաստատվել է այսօրվա կառավարության նիստում և այժմ ուղարկվել է խորհրդարանի հաստատմանը։     

«Կշարունակվի Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագրի հետևողական իրականացումը, ինչը նոր փոխշահավետ հնարավորություններ կստեղծի քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և համատեղ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համար», - նշվում է փաստաթղթում։

Կշարունակվի նաև հարաբերությունների հետագա խորացումը այլ ռազմավարական գործընկեր պետությունների հետ, այդ թվում՝ Նիդեռլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի և Լիտվայի։ Ջանքեր կգործադրվեն Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև կշարունակվեն աշխատանքները ռազմավարական գործընկերների թվի և աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ արտասահմանյան երկրներում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայության մեծացման միջոցով։

  • Կիսվել: