կիրակի, ապրիլ 20
20 / 4 / 2025
ՀՀ Կառավարությունում չկա քննարկում և օրակարգ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ. Գևորգ Պապոյան

ՀՀ Կառավարությունում չկա քննարկում և օրակարգ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ. Գևորգ Պապոյան

«Այն փաստաթուղթը, որն ԱԺ-ում քննարկվեց, ԵՄ-ին անդամակցության մասին փաստաթուղթ չէր: ՀՀ Կառավարությունում չկա քննարկում և օրակարգ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ»,- այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ ՀՀ-ի օրակարգն է՝ տնտեսությունը որքան հնարավոր է դիվերսիֆիկացնել. «Դիվերսիֆիկացիան չի ենթադրում ընդդեմ ԵԱՏՄ-ի ինչ-որ բաներ, եթե մենք օրինակ որևէ մի ապրանք ներմուծում ենք մեկ այլ երկրից, որը ԵԱՏՄ անդամ չէ, բայց ԵԱՏՄ երկրներից էլ կարող ենք ներմուծել, դա նշանակում է, որ մեր առջև խնդիր է դրված այդ ապրանքը, եթե հնարավոր է ԵԱՏՄ այդ երկրից ներմուծել: Սա մի գործընթաց է, որը ոչ կողմ է, ոչ դեմ է որևէ շուկայի, սա կողմ է ՀՀ-ին: Մենք խնդիր չունենք մեր կախվածությունը մեկ շուկայից փոխարինել մեկ այլ շուկայից կախվածությամբ, մենք խնդիր ունենք ինչքան հնարավոր է բազմաթիվ թելերով տարբեր շուկաներից կախվենք՝ այդ թվում նաև ԵԱՏՄ շուկայից: Մենք սպասարկում ենք այն օրակարգը, որն իրականության մեջ կա, իսկ այդ օրակարգն է՝ որքան հնարավոր է շատ և սերտ տնտեսական փոխհարաբերություններ ունենալ հնարավոր պոտենցիալ բոլոր շուկաների հետ: Ես առաջիկա օրերին այցելելու եմ ՌԴ, հանդիպելու եմ իմ երկու կոլեգաների հետ, ունեմ բավականին լայն փոխադարձ հետքրքրություններ ներկայացնող հարցերի օրակարգ, որ պետք է քննարկենք, և այդ օրակարգը ենթադրում է մեր առևտրատնտեսական հարաբերությունների ավելի զարգացում»:

Խոսելով ԵՄ շուկայի մասին՝ նախարարն ընդգծեց. «ԵՄ շուկայում դեռևս ունենք սահմանափակումներ որոշ ապրանքների արտահանման, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք և հաջողություններ արձանագրում ենք: Մենք փորձում ենք մաքսիմալ այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի ՀՀ տնտեսությունը շարունակի մնալ կենսունակ և դիվերսիֆիկացիան հենց այդ կենսունակության մասին է: Ե՛վ ԵԱՏՄ շուկան է իր ֆինանսական, ֆիզիկական ծավալներով Հայաստանի համար մեծ ու կարևոր, և՛ ԵՄ-ի շուկան: Կա թյուր կարծիք, որ ԵԱՏՄ ստանդարտներն ավելի ցածր են, քան ԵՄ-ինը, բացարձակապես այդպես չի: ԵԱՏՄ-ում շատ բարձր ու բարդ ստանդարտներ են դրված և դա արվել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակությունն ապահովելու նպատակով»:

  • Կիսվել: