հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
ՀՀ իշխանությունները քննարկում են նոր ուղղություններով թռիչքները սուբսիդավորելու գաղափարը

ՀՀ իշխանությունները քննարկում են նոր ուղղություններով թռիչքները սուբսիդավորելու գաղափարը

ՀՀ իշխանությունները դիտարկում են նոր ուղղություններով ժամանող թռիչքների սուբսիդավորման հնարավորությունը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պատրաստված համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պաշտոնական e-draft.am կայքում։
 
Փաստաթղթի համաձայն՝ ավիափոխադրողներին առաջարկվում է փոխհատուցում վճարել նոր ուղղություններով Հայաստան ժամանող երկու տարեկանից բարձր յուրաքանչյուր ուղևորի համար՝ 15 հազար դրամ «Շիրակ» օդանավակայանում (Գյումրի) վայրէջք կատարելու դեպքում և 20 հազար դրամ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելիս։
Նոր ուղղություններ ասելով նկատի են առնվում բոլոր արտասահմանյան քաղաքները, ուր ընդհանուր առմամբ ամռան շրջանում (մայիսի վերջից հոկտեմբերի վերջ) 14-ից ոչ ավելի չվերթ է իրականացվում, իսկ ձմռանը՝ 10-ից ոչ ավելի (հոկտեմբերի վերջից մարտի վերջ):
Սուբսիդավորումը կտրամադրվի ՀՀ օդանավակայաններում տեղակայված ավիաընկերություններին, որոնք թռիչքներ են իրականացնում շաբաթական առնվազն մեկ անգամ (այդ թվում` ֆորսմաժորային իրավիճակների հետևանքով չեղարկվածները), ինչպես նաև ունեն առնվազն երկու օդանավ՝ սեփական կամ լիզինգային պայմանագրով։

  • Կիսվել: