շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև վարկային համաձայնագրով 22 600 000 եվրո կուղղվի կրթական բարեփոխումներին

ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև վարկային համաձայնագրով 22 600 000 եվրո կուղղվի կրթական բարեփոխումներին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2022 թ. հունիսի 9-ին ստորագրվել է ««Կրթության բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը՝ 22 600 000 եվրոյի չափով: ԱԺ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 

«Նախատեսվում է, որ այս միջոցներով առաջիկա 3 տարիների ընթացքում հնարավորություն կլինի անել շատ էական քայլեր, որոնք կարևոր են կրթական բարեփոխումների ներկա փուլում: Առաջինը թվով 4 ավագ դպրոցների հիմնանորոգումն ու վերակառուցումն է և անհրաժեշտ գույքով համալրումը:

Մյուսը կարիքների գնահատման հիման վրա 200 հանրակրթական ուսումնական հաստատություններում նոր լաբորատորիաների հիմնումն է: Գիտեք, որ Կառավարության 2021-26 թթ. ծրագրով նախատեսված է, որ մեր բոլոր 1400 դպրոցները կունենան լաբորատորիաներ: Այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի այդպիսի լաբորատորիաներ ունենալ ևս 200 դպրոցում»,- ասաց Մարտիրոսյանը: 

Հաջորդ գործողությունը, փոխնախարարի խոսքով, 80 նախակրթարանների ստեղծումն է: 

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված է «մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 500 մանկապարտեզ և նախակրթարական հաստատություն՝ ապահովելով դրանց ամբողջական հագեցումը անհրաժեշտ գույքով և սարքավորումներով»:

Ծրագրի հետագա շարունակականությունը թույլ կտա օժանդակել կայուն համայնքային նախադպրոցական ծառայությունների ստեղծմանը և զարգացմանը: Ծրագրի շրջանակներում կշարունակվեն իրականացվել ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կբացահայտվեն սոցիալապես անապահով համայնքները և այն պոտենցիալ հաստատությունները, որոնք կարող են մատուցել նախադպրոցական կրթական ծառայություններ:

Նշվում է, որ գործող դրամաշնորհային համակարգը նաև հնարավորություն կտա ընտրելու կարիքավոր համայնքները: Առաջնահերթությունը կտրվի հատկապես այն համայնքներին, որոնցում դեռևս չկան գործող մանկապարտեզներ  և նախակրթարաններ: Հատկապես կկարևորվեն սահմանամերձ և այն համայնքները, որոնցում մեծ է Արցախյան վերջին պատերազմով պայմանավորված տեղահանված և վերաբնակեցված ընտանիքների թիվը, ինչի հետևանքով տվյալ համայնքներում աճել է նախադպրոցական տարիքային խմբի երեխաների թիվը: Նախատեսվում է, որ նոր ծրագրով կֆինանսավորվի նախադպրոցական կրթության առնվազն 80 միկրոծրագիր՝  համայնքների մասնակցությամբ կամ համայնքների ֆինանսական անկարողության պարագայում՝ ամբողջովին դրամաշնորհային միջոցներով:

Նախակրթարանի ստեղծման ծախսախնայող և կարճաժամկետ մոդելը նախատեսում է նախակրթարանի տարածքի վերանորոգում, անհրաժեշտ գույքի, սարքավորումների, ուսումնական և ուսուցողական նյութերի ձեռքբերում, նախակրթարանում ընդգրկվող դաստիարակի վերապատրաստում: Ստեղծված նախակրթարանները հարմարեցվում են նաև ներառական կրթության պահանջներին:

Ծրագրի հետագա ֆինանսավորման դեպքում, պահպանելով ծրագրի պահանջները, նպատակահարմար կլինի դրամաշնորհային միջոցներում ներառել նաև նախակրթարանների հարակից տարածքում խաղահրապարակների հիմնումը ապահովող ծախսերը, ինչն էլ մեծապես կնպաստի նախակրթարան հաճախող երեխաների նաև ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը:

Գործողությունների հաջորդ խումբը վերաբերում է բուհերին:

  • Կիսվել: